«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը նամակ-կոչ է հղել Փաստաբանների պալատի խորհրդին՝ առաջարկելով խորհրդի նիստ հրավիրել և Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարությանն հրաժարականի հարցով հայտարարություն անել։ Նամակ–կոչում ասվում է․

«ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդին

Հարգելի՛ Խորհրդի անդամներ

Իմ խորին համոզմամբ՝

ա) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ոտնձգության ամբողջ ընթացքում ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից պետական եւ պատերազմի բացարձակ ձախողակ կառավարումը,

բ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին կնքված խայտառակ կապիտուլացիոն համաձայնագիրը, որով հայությունը զրկվեց իր հայրենքի մի մասից,

գ) նույն այդ իշխանությունների կողմից շարունակվող ներհայկական պառակտումների խորացման քաղաքականությունը,

դ) թշնամու կողմից պատերազմի ընթացքում եւ մինչ այժմ շարունակվող մարդու իրավունքների կոպտագույն եւ լայնածավալ խախտումների վերացմանն ուղղված իշխանությունների արդյունավետ քայլերի բացակայությունը,

ե) վերջնարդյունքում ստեղծված խորը սոցիալ-տնտեսական եւ անվտանգային ճգնաժամը հաղթահարելու ունակության ի սպառ բացակայությունը,

զ) մեր հայրենիքի համար դեռեւս չսպառված անվտանգային մարտահրավերները,

է) հետագա բանակցություններում կապիտուլացիոն փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի մասնակցության անհնարինությունը ստեղծել են Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչախմբի ամբողջական հեռացման բացարձակ անհրաժեշտություն։

Գտնում եմ նաեւ, որ նշված անհրաժեշտությամբ պայմանավորված հասարակական պահանջը պետք է ձեւակերպվի եւ ներկայացվի ոչ միայն հրապարակում եւ փողոցում, այլ նաեւ դրանից դուրս՝ տարբեր հասարակական միավորումների, գիտական, ստեղծագործական եւ մասնագիտական միությունների կողմից։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ իրական քաղաքացիական հասարակության մեջ փաստաբանական համայնքի առանցքային դերը եւ մարդու իրավունքների պաշտպանության բոլոր օրինական միջոցները գործադրելու մեր մասնագիտական եւ բարոյական պարտականությունը

ՀԱՆՈՒՆ հայրենիքի եւ մեր ժողովրդի փրկության ու արժանապատիվ գոյության

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝

Հրավիրել Փաստաբանների պալատի խորհրդի նիստ եւ քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու մասին հայտարարություն ընդունելու հարցը»: