Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից, ընդդիմությունն ունի իր օրակարգը, կարող է ներկայացնել իր թեկնածուի առավելություններն էլ, թերություններն էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, ում եղբայրը Նիկոլ Փաշինյանի քավորն է:

Ղալումյանն ասաց, որ անլուրջ է համարում, երբ վարչապետին համարում են դավաճան կամ հող հանձնող. «Ես համաձայն չեմ, որ Հայաստանում կա նման մարդ, որ հավատում է, որ մեր վարչապետը կարող է դավաճանել»:

Նա հավելեց. «Պետք է մնալ, ժողովրդի իշխանությունը պահել, օրակարգային հարցերը լուծել, 6 ամիս հետո իրավիճակը գնահատել եւ որոշել հետագա անելիքները: Այսօր մեր երկրին պետք է կայունություն եւ անվտանգություն, որը պետք է ապահովի գործող իշխանությունը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կարծես Ոստիկանությունն այլեւս չի ենթարկվում իշխանություններին, քանի որ երեկ տարբեր փողոցներ փակվել էին, իսկ Ոստիկանությունը ակտիվ չէր միջամտում, Վահե Ղալումյանն ասաց.

«Խցանումներից մեկի մեջ իմ ծանոթն էր, ով անմիջապես զանգեց ինձ ու նշեց, որ տվյալ ակցիային ոստիկանության ուժերը չեն կարողանում մոտենալ, քանի որ ճանապարհը խցանված է: Տեսել էին ոտքով մոտեցող ոստիկանների»,- ասաց նա: