ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ արհեստական բանականությունը հիմք է մարդկային զարգացման նոր առաջընթացի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Արհեստական բանականությունը, անկասկած, հիմք է ողջ մարդկության զարգացման հերթական առաջընթացի համար»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Artificial Intelligence Journey (AI Journey) միջազգային օնլայն համաժողովի ժամանակ:

Նա ուշադրություն է դարձրել նրան, որ այսպես կոչված միջանցիկ տեխնոլոգիաները «ներթափանցում են եւ կներթափանցեն կյանքի բոլոր ոլորտներ՝ արտադրություն, սոցիալական ոլորտ, գիտություն եւ նույնիսկ մշակույթ»: «Այդ ամենը կհամադրվի միմյանց հետ»,-նկատել է նա:

Պուտինը վստահ է, որ անհրաժեշտ է կշռադատել բոլոր ռիսկերը՝ կապված արհեստական բանականության հետ: Նա կարծիք է հայտնել, որ արհեստական բանականության զարգացումն իսկապես որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն «հենց մարդուց է կախված, թե որքան զգուշությամբ նա կօգտագործի այդ հնարավորությունները»:

Պուտինը նաեւ վստահություն է հայտնել, որ արհեստական բանականություն չի կարող փոխարինել մարդուն, սակայն կդառնա նրա հավատարիմ օգնականը: «Արհեստական բանականությունը երբեք չի կարող փոխարինել մարդուն: Այո, այդ մեքենաները կվերահսկեն մարդուն, այնպես, ինչպես, օրինակ, ժամանակակից տեխնիկական միջոցները, սակայն մարդը պետք է ի վերջո վերահսկի այդ մեքենաները»,-նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը «նոր հորիզոններ է բացում մարդկության առջեւ դրված մի շարք խնդիրների լուծման համար»:

«Մենք պետք է դրա հետ հարաբերություններ կառուցենք, որպեսզի առաջատար տեխնոլոգիաները օգնեն մեզ հասնել մեր ազգային նպատակներին, վերափոխել Ռուսաստանն ու ամրապնդել աշխարհում մեր դիրքը, իսկ դա նշանակում է՝ բարելավել մեր քաղաքացիների կյանքի որակը»,-վստահ է Պուտինը:

Նրա գնահատմամբ՝ նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներն «ավելի մասշտաբային եւ պահանջված են դառնում աշխարհում»: «Իսկ քանի որ արհեստական ինտելեկտի կիրառումը վերաբերում է բոլոր ոլորտներին, ապա դրա օգտագործմանը պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ»,-կարծիք է հայտնել ՌԴ նախագահը:  

«Մարդը պետք է սովորի կառավարել արհեստական բանականությունը, եւ դրա համար անհրաժեշտ է ոչ թե հերքել գործընթացը, այլ կոմպետենտ լինել եւ նայել առաջ, քանի որ այդ գործընթացն անդառնալի է:

Արհեստական բանականությունն ունակ է ապահովել անհավանական առաջընթաց Ռուսաստանում: Պետք է վստահորեն գիտական որոնում կատարել այնտեղ, որտեղ հետազոտությունների հեռանկարները դեռեւս շոշափելի չեն:

Նման ուղղություն է հզոր արհեստական բանականությունը, երբ մեքենան ինքն է լուծում ցանկացած խնդիրներ մարդու փոխարեն: Պետք է մշտապես զարգանալ: Հենց այստեղ են հնարավոր անհավանական բացահայտումներ եւ տեխնոլոգիական առաջընթացներ»,-ասել է Պուտինը: