ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների «աստանացումը» թույլ տվեց այդ երկրներին բաժանել ազդեցության ոլորտները Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հինգ տարի առաջ Թուրքիան եւ Ռուսաստանը ներկա չէին Միջերկրական ծովի կենտրոնական մասում, իսկ այժմ նրանք են վարում խաղը: Մենք ապրում ենք բազմաբեւեռ աշխարհում, որտեղ կուլիսային գործեր կան մի քանի խաղացողների միջեւ, ովքեր դիմադրում են մյուսներին: Մենք դա «աստանացում» ենք անվանում: Ռուսաստանն ու Թուրքիան. սկզբում նրանք բաժանված էին, սակայն ընդհանուր շահեր գտան, իսկ հետո համաձայնեցին կիսել իրենց ազդեցությունը: Դա տեղի ունեցավ Սիրիայում, դա տեղի է ունենում Լիբիայում: Դա արդեն տեղի է ունեցել Կովկասում»,- ասել է նա` ելույթ ունենալով «Միջերկրածովյան երկխոսություններ» համաժողովում, որն անցկացվում է Իտալիայի ԱԳՆ աջակցությամբ:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ հակամարտության նոր օջախներ են հայտնվել, մինչդեռ հները մնում են չլուծված: «Իսրայելապաղեստինյան հակամարտությունը շարունակվում է առանց հեռանկարների: Տեսնենք, թե ինչպես կլինի Բայդենի օրոք: Թրամփի օրոք այս գործընթացն արգելափակված էր»,- ասել է Բորելը:

«Մենք` եվրոպացիներս, օգնում էինք երկրների բնակչությանը հաղթահարել այդ բախումների մարդասիրական եւ տնտեսական հետեւանքները: Բայց հիմա մենք պետք է ինքներս լուծենք հակամարտությունները, մենք պետք է ավելի խորը մասնակցենք Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացին, լուծենք Լիբիայի եւ Սիրիայի ճգնաժամերը: Սակայն ոչ մի խաղացող չի կարող մրցակցել Եվրոպայի հետ խաղաղ լուծումներին աջակցման հարցում, եւ դա պետք է արվի ՄԱԿ-ի հետ սերտ համակարգմամբ: Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում` չնայած Թուրքիայի նկատմամբ մեծ հարգանքին, միայնակ աշխատելը բավարար չի լինի»,- հայտարարել է Եվրահանձնակատարը: