Ռուս խաղաղապահները հնարավոր ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար, նրանց ջանքերի շնորհիվ արդեն Ստեփանակերտ են վերադարձլ 30 հազարից ավելի բնակիչներ։ Այս մասին խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կարգավորել տարածաշրջանում իրավիճակը։ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են։ «...» Նշեմ, որ մեր զինծառայողները պրոֆեսիոնալ են գործում եւ ամեն ինչ անում են, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվի»,– ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նա հայտնել է, որ խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զոհվածների մարմինների փոխանակումը։ «Ապահովվել է ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը»,– հավելել է Շոյգուն։

Ռուս զինծառայողները նաեւ տեղանքն ու ընդհանուր օգտագործման ճանապարհները մաքրում են պայթյունավտանգ առարկաներից։ «Մաքրված է 50 հա տարածք եւ 17 կիլոմետրից ավելի ճանապարհածածկույթ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթյունավտանգ առարկա։ Ականազերծվել է Լաչինի միջանցքը եւ մինչեւ Ստեփանակերտ մայրուղու 28 կմ երկարությամբ հատվածը։ Վերականգված է դրանով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկությունը»,– թվարկել ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները միջանցքով ուղեկցել են 3,5 հազար ավտոմեքենաների։ Դրանից բացի, ավարտվել է Արեւելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ վիրահատական բլոկներով, ջոկատի մասնագետները սկսել են անձնակազմին եւ տեղական բնակչությանը բուժօգնության ցուցաբերումը։

«Փոխգործակցություն է հաստատված Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,– հավելել է Սերգեյ Շոյգուն։