Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Կառավարության դիմաց քաղաքացիները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում։

Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին կար ժամացույց՝ որի վրա փակցված էր Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ներքեւի հատվածում գրված՝ «դավաճան»։

Ակցիա իրականացնելիս ցուցարարները Փաշինյանի լուսանկարը գցեցին աղբարկղը։

Ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Էս դավաճանն իր ապաշնորհության, մեծամտության տգիտության հետեւանքով հասցրեց նրան, որ ունեցանք 5 հազար զոհ, մոտ 10 հազար վիրավոր, մեծ տնտեսական կորուստներ, ունենք գերիներ։ Էս սրբապիղծը մինչեւ հիմա չի կարողանում ետ վերադարձնել մեր գերիներին։ Էս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում նույնիսկ պատասխանելու Ալիեւի ստորացումներին։ Նիկոլ, այսքանից հետո դու ոնց ես գնալու մեր երկիրը ներկայացնելու, ոնց ես գնալու Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին։ Ինչու առանց մեզ նման որոշում կայացրիր, ով էր քեզ իրավունք տվել։ Քո ժամանակն արդեն հաշված է»։