Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Երեւանի փողոցներ՝ ճնշում գործադրելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա եւ պահանջելով նրա հրաժարականը Ղարաբաղի հարցով հայտարարությունը ստորագրելու կապակցությամբ, հաղորդում է AP-ը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել է գործարքը ցավալի, սակայն անհրաժեշտ քայլ, որը խանգարել է Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղի ամբողջ շրջանը:

Չորեքշաբթի շուրջ 4000 ցուցարարներ քայլերթ են կազմակերպել Երեւանի կենտրոնում՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան» եւ «Նիկոլ, հեռացիր»: Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ ցուցարարների երեքշաբթի ոչ մեծ ակցիայի ժամանակ, սակայն չի կարողացել խոչընդոտել հանրահավաքին:

Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի զգալի մասը:

Ռուսաստանն ուղարկել է շուրջ 2000 խաղաղապահ առնվազն 5 տարի ժամկետով խաղաղ համաձայնագրի իրականացմանը հետեւելու եւ փախստականներին վերադառնալու հարցում աջակցելու համար: Ռուսական զորքերը նաեւ կապահովեն անվտանգ տրանզիտը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ Լաչինի շրջանի միջով:

Չորեքշաբթի Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հետ տեսահանդիպման ժամանակ ելույթ ունենալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովել է Փաշինյանին իր անձի խիզախության համար հրադադարի նպատակով «ցավալի, սակայն անհրաժեշտ որոշումները» կայացնելու առումով:

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին խաղաղ համաձայնագիրը ստորագրելու միջնորդության համար եւ ողջունել ռուս խաղաղապահներին՝ որպես «տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության երաշխավորների»:

Հայ ընդդիմության առաջնորդները համարում են, որ Փաշինյանն է պատասխանատու, որ չի կարողացել ավելի վաղ հրադադարի մասին պայմանավորվել այն պայմաններով, որոնք կարող էին ավելի շահավետ լինել Հայաստանի համար: Սակայն ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, որը գլխավորում է «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունը, ընդգծել է, որ ընդդիմությունը չի պնդել խաղաղ համաձայնագիրը չեղարկելու մասին:

«Ներկայիս իշխանությունը, որն ամբողջովին տապալվել է, պետք է անհապաղ հրաժարական տա եւ թույլ տա ուրիշ քաղաքական ուժերին փորձել գոնե բարելավել իրավիճակը»,-նշել է Վանեցյանը:

Չորեքշաբթի Հայաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ 44-օրյա մարտերի հետեւանքով զոհվել է առնվազն 2718 հայ զինծառայող: Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ 94 ադրբեջանցի խաղաղ բնակիչ է սպանվել եւ ավելի քան 400-ը վիրավորվել, սակայն հրաժարվել է բացահայտել երկրի ռազմական կորուստները: