Մինչեւ այս պահը Ադրբեջանի զինուժը շարունակում է առեւանգել կամ գերեվարել Արցախի հայ բնակիչների կամ զինծառայողների։ Նոյեմբերի 30-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներ Ադեմնիկ  Համբարձումյանի և Ռամիդ Խաչատուրյանի անհետացումից հետո նրանց ճակատագրով զբաղվել են ռուս խաղաղապահները, ադրբեջանցիների հետ բանակցություններից հետո, հայ քաղաքացները վերադարձվել են։ Ռուս խաղաղապահները ռազմական ինքնաթիռով նրանց տեղափոխել են Երևան:

Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը:

Militarist Telegram ալիքը հաղորդում է, որ թուրքական հետախուզական ծառայությունն իր սիրիացի վարձկաններին հրաման է տվել շարժվել դեպի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Ղարաբաղի տարածքների խորքը։ Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդիկ ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաեւ բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները: Այդպես, «Սուլթան Մուրադի անվան» դիվիզիայի զինյալները (հիմնականում թուրքմեններ) ոչ միայն պարգեւատրում են ստանում տեղում մնալու համար, այլ նաեւ` ֆինանսական եւ նյութատեխնիկական օգնություն` իրենց ընտանիքներին Սիրիայից տեղափոխելու համար: Տեղեկություններ կան, որ թուրքական հետախուզությունը նույնիսկ գրասենյակ է բացել սիրիական Աֆրինում` այդ նպատակներով մարդկանց հավաքագրելու համար:

Ռուս խաղաղապահները հնարավոր ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար, նրանց ջանքերի շնորհիվ արդեն Ստեփանակերտ են վերադարձել 30 հազարից ավելի բնակիչներ, հայտարարել է  Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կարգավորել տարածաշրջանում իրավիճակը։ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են»,– ասել է բանակի գեներալը։

Ռուսաստանի խաղաղապահներն ու մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է նաեւ, որ Ռուսաստանը չի փոխել Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը: Այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձեւերով: «Ղարաբաղը չի ճանաչվել, այն չի ճանաչել նույնիսկ Հայաստանը»,- հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Համացանցում տասնյակներով տարածվող հայ գերիների մասնակցությամբ դաժան տեսարաններով կադրերի պայմաններում, ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների՝ առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, «Ճիշտ է՝ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն դա այս պարագայում քիչ բան է փոխում»։

Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որեւէ բան ղեկավարելու, ինքը պատեհ առիթ է փնտրում, որ կարողանա մաքրել 25-30 տարի իր ճակատի պարտության խարանը, այսօր հայտարարել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: «Երբ երկրի պաշտոններից հեռացնում են  վաստակած հրամանատարներին, հեռացնում են ամբողջ գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, եւ ասպարեզ են բերում մարդկանց, որոնք ունակ չեն պատերազմ վարելու, բնականաբար իրենք պետք է պարտություն կրեին»,- ասել է Մինասյանը:

Հայաստանում ստեղծված իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն, հայրենակիցներին հղած ուղերձում շեշտել է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը։ «Հայաստանի գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը, ապահովել հայկական բանակի մարտունակությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը աղետի հանգեցրեց: Մենք չենք կարող ժամանակ կորցնել, Փաշինյանն ու նրա կառավարությունն այլեւս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին եւ անցնել մեր առջեւ կանգնած լուրջ խնդիրների լուծմանը: Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձեւավորենք եւ սկսենք Հայաստանի եւ Արցախի վերածնունդը: Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Առջեւում մեր հաղթանակների ժամանակն է, եւ մենք այն բաց թողնելու իրավունք չունենք», նշել է Կարապետյանը:

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Գեներալի վիճակը նորմալ է, կազդուրման փուլում է։ Տնային պայմաններում դեռ որոշ ժամանակ կբուժվի:

«Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, երեկ գիշեր վայր դնելով  մանդատը, հայտարարեց, թե չի կարող հաշտվել Արցախում պատահածի հետ, այն համարում է իր անձնական  և ընտանեկան ողբերգությունը։ Նա Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է, և նա առաջինն էր, որը պարտության խայտառակ հայտարարությունից հետո ակնկալվում էր, որ կհեռանա իշխող խմբակցությունից։ Թվում էր, թե նա որոշումն արդեն կայացրել է, բայց կարճ ժամանակ անց հայտնի է դարձավ, որ Արգիշտի Մեխակյանը ոչ թե հողերը հանձնած իշխանությունից է հեռանում, այլ ընդամենը օրենսդրական գործունեությունից, և նշանակվում է Արմավիրի փոխմարզպետ։

Ընդդիմության վաղվա հանրահավաքից կես ժամ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննության կենթարկվի։ Հանրահավաքը ժամը 15-ին է, Ծաուկյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտ պետք է ներկայանա 14։30-ին։ «Քաղաքական հետապնդումների եւ իրականությունից կտրված լինելու եւս մեկ ցայտուն փաստ», հայտարարել է Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Երևանի պետական համալսարանի դեկանները ԱԺ-ից պահանջել են անհապաղ հետ կանչել բուհերի ռեկտորներին նշանակելու մասին օրենքի նախագիծը։ Նրանք հայտարարել են, որ հայտնի եռակողմ հայտարարությունից հետո երկրի առաջ ծառացած ծանրագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է բուհերին ինքնավարությունից զրկելով։ 

Հայաստանում գրանցվել է  կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692-ի: Մեկ օրում մահացել է 28 վարակված, որոնցից 5-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 2860 է:

Սոցհարթակում ծաղրի առարկա է դարձել վարչապետի աշխատակազմում թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեքստում ներկայացված են մրցույթի հաղթահարման պայմանները․ կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունում 256 հազար դրամ աշխատավարձով քաղծառայողի աշխատանքին հավակնելու համար հայցորդը պետք է ճիշտ հերթականությամբ դասավորի շաբաթվա օրերը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.25 դրամով ու կազմել  511.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.53 դրամով ու հասել  622.14 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.77 դրամով ու հասել 689.17 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով ու կազմել 6.88 դրամ:

Դեկտեմբերի  5-ի ցերեկը Հայաստանի  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաեւ մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երեւանում տեղումներ սպասվում են գիշերը․ այս գիշեր մայրաքաղաքում կլինի 0-ից +2, վաղը ցերեկը 5-7 աստիճան զրոյից բարձր։