ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է կրճատված երդմնակալության արարողություն անցկացնել` ներկաների շրջանում կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով` ինքն ակնկալում է, որ արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքի աստիճաններին արդեն տեղադրված հարթակի վրա, սակայն ցանկանում է խուսափել մարդկանց մեծ բազմությունից, ովքեր սովորաբար հավաքվում են արարողությունը եւ շքերթը տեսնելու համար:

«Կարծում եմ` Փենսիլվանիա ավենյույով անցկացվող հսկայական շքերթը չի լինի: Բայց կարծում եմ, որ մեծ վիրտուալ ակտիվություն կլինի Ամերիկայի բոլոր նահանգներում, որին ավելի շատ մարդ կմասնակցի, քան երբեւէ», - ասել է Ջո Բայդենը Ուիլմինգթոնի իր տանն արված հայտարարության մեջ: