Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուրբաթ նախազգուշացրել է երկրների կառավարություններին եւ քաղաքացիներին չկորցնել զգոնությունը կորոնավիրուսի համավարակի հետ կապված, քանի որ պատվաստումների մեկնարկն արդեն մոտ է, հայտնում է Reuters-ը:

ԱՀԿ փորձագետները կարծում են, որ առողջապահական համակարգերը դեռ կարող են դանդաղել համավարակի ճնշման տակ:

Չորեքշաբթի Մեծ Բրիտանիան հաստատել էր Pfizer ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը` ավելացնելով համավարակի ավարտի հետ կապված հույսերը, որի հետեւանքով ամբողջ աշխարհում շուրջ 1.5 միլիոն մարդ է մահացել:

«Պատվաստումների ոլորտում առաջընթացը քաջալերել է բոլորիս, եւ մենք կարող ենք տեսնել լույսը թունելի վերջում: Սակայն ԱՀԿ-ն անհանգստացած է այն ընկալման կապակցությամբ, որ համավարակն ավարտվել է»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով` համավարակի ավարտին դեռ շատ կա, եւ կառավարությունների եւ երկրների կողմից ընդունվով որոշումները կարող են որոշել դրա հետագա ընթացքը:

«Մենք գիտենք, որ սա ծանր տարի էր, եւ մարդիկ հոգնել են, սակայն հիվանդանոցները ծանրաբեռնված են իրենց հնարավորություններից վեր: Ճշմարտությունն այն է, որ ներկայումս շատ տեղերում COVID-19-ի փոխանցման շատ բարձր մակարդակ է գրանցվում, ինչը հսկայական ճնշում է գործադրում հիվանդանոցների, վերակենդանացման բաժանմունքների եւ առողջապահական համակարգի վրա»,- ասել է նա: