ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Էսմայիլ Բագայե Համանեհը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը` ընդգծելով գիտնականի անգնահատելի վաստակը երկրի առջեւ կորոնավիրուսի համավարակի ընթացքում, հաղորդում է Tasnim-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին ուղղված նամակում նա ընդգծել է գիտնականի վաստակն առողջապահության ոլորտում, այդ թվում` կորոնավիրուսի ախտորոշման առաջին թեստերի մշակումն Իրանում եւ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործընթացի կառավարումը:

Համանեհը Ֆախրիզադեի սպանությունն Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելու միջոց եւ «ռազմատենչ պետական ​​ահաբեկչության փայլուն օրինակ» է անվանել:

Նա հավելել է, որ լռությունը եւ շարունակվող անգործությունն այս սպանության կապակցությամբ արդարացում չունի, քանի որ դա կարող է հանգեցնել նրան, որ հանցագործությունները սովորական բան կդառնան ամբողջ աշխարհում: