Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձի այդ հատվածում նա նշել է. «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա:

Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում:

Եթե մենք ապագայի մասին պիտի մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոններ ի հայտ գալու հնարավորության մասին: Արդյոք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի՞ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ՝ այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերը այլ կերպ է երեւում: Բայց հիմա, ինչպես ասացի, շատ ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու»: