Եւ հիմա ուզում եմ տեղեկացնել, թե ինչ ընթացքի մեջ է նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրագործումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՔՈւղերձի այդ հատվածում ասվում է. «Այս ընթացքում կայացվել են սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք որոշումներ: Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող մեր հայրենակիցներին տրամադրվում է առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր անձի 68 հազար դրամի չափով, գումարած 15 հազար դրամ այն անձանց, ովքեր Արցախում սեփականություն չունեն: Որոշման մեջ կան որոշ բացառություններ, իհարկե, այդ մանրամասնությամբ ես չեմ անդրադառնա, որոշման մեջ գրված է, նրանք, ովքեր ուզում են ավելի մանրամասն ծանոթանալ, խնդրեմ, որոշման տեքստը հրապարակված է։ Եւ այս աջակցության գործընթացը չի ավարտվել, շարունակվում է:

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներին նույնպես առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն է տրամադրվում՝ յուրաքանչյուր անձին 300 հազար դրամի չափով։ Կառավարությունը միջոցներ է հատկացրել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի տուժած տների վերականգնման համար։ Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած եւ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին փոխհատուցում է տրամադրվում։

Որոշում ենք կայացրել հյուրընկալ ընտանիքներին ֆինանսավորելու մասին: Խոսքը այն ընտանիքների մասին է, ովքեր Արցախի՝ իրենց տներից զրկված մեր հայրենակիցներին կհյուրընկալեն Հայաստանում կամ Արցախում, ահա այդ ընտանիքներին փոխհատուցում կտրվի յուրաքանչյուր հյուրընկալվող չափահաս անձի մասով՝ Հայաստանում՝ 30 հազար դրամ, Արցախում՝ 45 հազար դրամ: Այսինքն՝ եթե կան ընտանիքներ, ովքեր ունեն հնարավորություն իրենց տներում տեղավորել այլ մարդկանց եւ ցանկություն, բնականաբար, իրենց համար այսպիսի համակարգ է ընդունվել։

Առաջիկայում որոշում կկայացվի պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմի մասնակցած անձանց ընտանիքի անդամ ուսանողների՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձը ամբողջությամբ փոխհատուցելու մասին:

Տեղի է ունենում վնասված շարժական գույքի հաշվառում՝ դրանց փոխհատուցման հարցը նույնպես լուծելու համար:

Սոցիալական երաշխիքների հավելյալ համակարգ կներդրվի գերեվարված եւ անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների անդամների համար: Արցախի կառավարության հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում Արցախի բնականոն կյանքը վերականգնելու համար: Արդեն մի քանի տասնյակ հազար արցախցիներ վերադարձել են, եւ պետք է լուծվեն տուժած տների վերականգնման, բնակարանից զրկված քաղաքացիների հարցերը: Սա պահանջում է լարված աշխատանք, եւ մենք վճռական ենք այս աշխատանքը անելու գործում: Ճանապարհային քարտեզի իրագործումը, ինչպես եւ պայմանավորվել ենք, լինելու է առաջիկա ամիսների մեր անելիքը:

Զուգահեռաբար ակտիվ աշխատանքներ են ընթանում հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ դատական համակարգից մինչեւ կուսակցությունների մասին օրենք՝ բարեփոխումներ իրականացնելու համար:

Այս ամենի նպատակը ոչ թե նա է, որ մենք կամ ես մնանք իշխանության, այլ որ ժողովուրդը մնա իշխանության: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան ազատ կամարտահայտմամբ ընտրել իրենց իշխանությունը:

Հիշեցնեմ, որ Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքները որեւէ կերպ որեւէ մեկի կողմից չեն վիճարկվել՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններն էին: Եվ հիմա Հայաստանում տեղի ունեցող որոշ քաղաքական պրոցեսների իմաստը պարզ է:

Որոշ շրջանակներ ուզում են ամեն ինչ անել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները միակն էլ մնան, որտեղ ժողովուրդն ինքն է կայացրել որոշում: Սա թույլ չենք տալու: Ժողովրդի իշխանությունը Հայաստանում չի կարող դրվել կասկածի տակ: