1988-ին մեր ժողովուրդն այս հրապարկում հավաքվեց եւ երդվեց, որ կկառուցի ուժեղ, արդար հասարակություն, ձեռք կմեկնի մեր Արցախի եղբայրներին՝ խոստանալով անվտանգություն եւ վերամիավորում Հայաստանի հետ եւ այդ խնդիրների զգալի մասը կատարվեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք կառուցեցինք անկախ պետություն, մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի եւ Արցախի բանակները համարվում էին ամենահզորը այս տարածաշրջանում: Մենք Սփյուռքի հետ միասին անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում: Հիմա 30 տարի անց հավաքվել ենք այս հրապարակում վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով եւ այն ամենը, ինչ արել էինք Արցախի համար, գրեթե կորած, բայց  հիմա նույնիսկ Հայաստանի գոյությունն է վտանգի առջեւ, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները՝ մտնելով Հայաստան, եւ ոչ մի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից: Սա է վիճակը, հարմարվե՞նք այդ վիճակին»,-հայտարարեց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, այն խնդիրները, որոնք դրված էին 1988-ին, նորից դրված են, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն. «Կա խոսք, որ եթե խնդիր ես դնում ու անհաջողության ես մատնվում, ոչ թե խնդիրը փոխի, այլ քո մեթոդները:

Բայց ո՞նց մենք ընկանք այս վիճակի մեջ, ո՞նց հավատացինք այդ քաղցր խոսքերին: Ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ: Մենք թշնամացանք իրար դեմ, մենք թշնամացանք հայաստանցի-արցախցի, հին ու նոր, սեւ ու սպիտակ:

Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակը գլխատելը: Փորձառու գեներալները հեռացվեցին բանակից: Պատերազմի ժամանակ ես այնտեղ էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ: Այդ գեներալները իրավունք չունեին մտնելու շտաբ:

Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը, մենք կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին: ՌԴ-ի պես դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ: Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում: Այդպես միայնակ գնացինք առա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, գրգռիչ հայտարարությունները ամեն օրով մոտեցնում էին մեզ պատերազմին: Պատերազմը սկսվեց, եւ հենց առաջին օրվանից եղել են անգրագետ ու դավաճանական որոշումներ, ու մենք հասանք այս վիճակին»:

Վազգեն Մանուկյանը նկատեց. «Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ:

Հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը, աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ հետեւողականորեն տարավ պարտության, մինչեւ հիմա իշխանության ղեկի մոտ է: Այդպիսի բան աշխարհում չի լինում: Բայց դա միայն արժանապատվության հարց չի: Իր ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում: Նրանք ոչ մի ազգային ձգտում էլ չունեն: Ինքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ նորից կգնանք այն ճանապարհով, որով 1988-ին գնացինք ու հասանք հաղթանակների:

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդը իրեն կհոշոտի: Այս շարժումը այն ճանապարհն է, որը քաղաքակիրթ ձեւով հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը Հայաստանում: Ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,-հայտարարեց նա: