Հայաստանը ոչ միայն ուժ պետք է գտնի իր մեջ ոտքի կանգնելու, այլ նաև իրար հավատալու և հարգելու համար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

«1988 թվականից՝ արցախյան շարժման առաջին օրերից, ես եղել եմ այս հրապարակում, բայց առաջին անգամ եմ բարձրանում բեմ։ Քանի որ շատ-շատերը կարծում են նույնիսկ արտահայտվում են, որ մտավորականությունը լուռ է, որ մտավորականությունը փորձում է հարմարվել։ Մենք լուռ չենք, մենք միշտ խոսել ենք։ Ցավոք, լսող չի եղել, լսել են այն ճղճիմ ձայները, դուխով ձայները, որոնք լոզունգներով մարդկանց պարզապես խաբել են։ Այն, ինչի առջև այժմ կանգնած է երկիրը, անգամ վատ երազում դժվար է պատկերացնել։ Արցախի գրեթե կեսի կորուստ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր, ինչպե՞ս շարունակեմ։ Կորոնավիրուսը որտեղի՞ց եկավ մեզ հասավ, բայց նրան ավելացավ նիկոլավիրուսը։ Այդ դրանից է պետք հիմա ազատվել։ Իրար չլսելը, ատելը երկիրը դեպի փակուղի։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք ոչ միայն ոտքի կանգնելու, այլ նաև իրար հավատալու, հասկանալու, լսելու, հարգելու համար։ Ուրիշ հայատանցի չկա, դրանք մենք են։ Ուրիշ հայ դժվար թե գտնես, դրանք մենք ենք և նույնիսկ նրանք, որոնք մոլորվել են և իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանության այս կառավարությանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստան վերադարձնենք հավատ, արդարություն և արժանապատվություն։ Միայն այդ դեպքում մեզ կհարգեն միջազգային հարթակներում », -ասաց Վիգեն Ստեփանյանը։