Ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրն է՝ ինչպես ուշքի գալ ու շարունակել ապրել, ինչպես նվազագույնի հասցնել պատերազմի կործանարար պետեւանքները եւ վերջապես, ինչ գործոններով կառուցել մեր երկրի ապագան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Առաջին հերթին անհրաժեշտ է ազնիվ լինել եւ լիարժեք պատասխանատվութամբ ընդունել պարտությունը: Պարտվել ենք թե ռազմի դաշտում, թե բարոյապես, թե հոգեպես: Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել:

Հաջորդ քայլով պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը: Ի վերջո պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի: Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված, գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Իհարկե չպետք է մոռանալ կատարվածը, ուստի դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական ու բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, վերոնշյալ քայլերի հնարավորինս գրագետ կատարումը կբերի նրան, որ պետության անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները կդառնան տնտեսության զարգացման ու տնտեսական բարեփոխումների հիմքը եւ կհանդիսանան տնտեսության մոդեռնիզացիայի շարժիչ ուժը. «Այլ կերպ ասած՝ տնտեսական քաղաքականությունը կարող է հիմնվել բանակի վերակառուցման եւ անվտանգության ձեւավորման հիմնախնդիրների շուրջ»,-ասաց նա: