Սահմանադրական դատարանի որոշումը, որով մերժվել է վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, Ծառուկյանի փաստաբանները դեռ չեն ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Որոշումը դեռ չունենք, որ բովանդակության մասին որեւէ բան ասեմ, միակ հատկանշական փաստն այն է, որ ողջամտություն դրսեւորվեց եւ պարոն Ծառուկյանին պատգամավորկան մանդատից չզրկեցին»,- ընդգծեց փաստաբանը։

Նախօրեին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։ Ըստ փաստաբանի՝ սա վկայում է այն մասին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է։

«Մենք մանրամասն ներկայացրել, փաստել ենք, որ պարոն Ծառուկյանը  որեւէ կերպ՝ անձամբ, թե միջնորդավորված բիզնեսով չի զբաղվել, ուղղակի կառավարչի հետ կապված անհնարինություն է առաջացել, երբ  կառավարիչ Առուստամյանին ձերբակալել էին, առաջին կալանքի ժամանակ մտածում էինք, որ անհիմն է եւ շուտ բաց կթողնեն, բայց երկրորդ անգամ, երբ կալանքը երկարացվեց, հասկացանք՝ տեւական բնույթ է կրելու այդ կալանավորումը եւ այդ պայմաններում անհնարինություն առաջացավ, որ կառավարիչը կարողանա իր վրա դրված պարտականությունները կատարի»,- պատմեց Խաչատրյանը։

Ըստ  փաստաբանի՝ Սեդրակ Առուստամյանի առաջարկով հրավիրվել է մասնակիցների ժողով եւ իր առաջարկով էլ նշանակվել կառավարչի հաձնակատար, ինչը նրա խոսքով՝ նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից այդ ժողովին մասնակցելը ուղղակի ձեւական բնույթ է կրել։

«Այստեղ մի կարեւոր հանգամանք եւս կա, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չի որոշել, որ օրինակ, Ա կամ Բ անձին նշանակի կառավարչի հանձնակատր, այդ որոշումը կայացրել է կառավարիչ Սեդրակ Առուստամյանը։ Նա մեկուսարանից պարոն Ծառուկյանին առաջարկել է կոնկրետ անձի նշանակել հանձնակատար եւ խնդրել, որ թույլտվություն տա, որպեսզի նշանակվի  հանձնակատարը։ Այս պայմաններում որեւէ մեկը չկարողացավ հիմնավորել կամ բացատրել մեզ, թե որն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի կողմից բիզնեսով զբաղվելը կամ գործարարությամբ զբաղվելը»,- ընդգծեց փաստաբանը։

Սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը  որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, եւ Սահմանադրության 95-րդ հոդվածը։

 ԲՀԿ-ական պատգամավորները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները համարում են քաղաքական հետապնդում։