Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարեւոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ կարող մի կողմ դնել պարոն Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնեց այդ գործընթացը տանել դրական ուղղությամբ: Ես նաեւ ցանկանում եմ կարեւորել այն հարթակը [տարածաշրջանային անվտանգության ապահովման համար], որի մասին ասաց իմ եղբայրը [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը]: Այդ հարթակում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, եւ, եթե համաձայնվի, Հայաստանը»,-նշել է նա:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»: «Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ: Եթե նրանք դրական քայլեր կատարեն, ապա մենք կարող ենք բացել Հայաստանի հետ մեր սահմանը»,-հավելել է նա: