ԱՄՆ զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում եւ ուժեղացնում են իրենց ուժերը Մերձավոր Արեւելքում` իրանական հավանական հարձակմանը պատասխանելու համար, հայտնում է POLITICO- ն` վկայակոչելով ռազմական պաշտոնյային:

Մասնավորապես, Պենտագոնը ուշադիր հետեւում է Իրաքում իրանական աշխարհազորայինների կողմից «պոտենցիալ հարձակման տագնապալի նշաններին»,- ասել է պաշտոնյան:

Հինգշաբթի Պենտագոնը հայտարարել էր, որ Լուիզիանա նահանգի Բարքսդեյլում գտնվող իր բազայից մի քանի B-52 ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արեւելք եւ հետ` տարածաշրջանում «ագրեսիան զսպելու» համար: Վերջին շաբաթներին բանակը նաեւ այլ քայլեր է ձեռնարկել, այդ թվում` USS Nimitz-ի` Մերձավոր Արեւելք ուղարկումը եւ Եվրոպայից կործանիչների լրացուցիչ էսկադրիլիայի ուղարկումը:

Այս քայլերը կոչված են զսպելու Իրանին տարածաշրջանում ԱՄՆ եւ կոալիցիոն ուժերի դեմ ցանկացած ագրեսիվ գործողությունից:

Նրա խոսքով` Պենտագոնը մտահոգված է, որ Թեհրանը կարող է օգտվել Իրաքից եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից, ինչպես նաեւ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցից: «Սրանք բոլորն այն գործոններն են, որոնք ողջամիտ են դարձնում տարածաշրջանում ուժեղ պաշտպանական դիրք ունենալը»,- ասել է պաշտոնյան` շեշտելով, որ գործողությունները «հարձակվողական բնույթ չեն կրում»: «Այստեղ գործողությունների ոչ մի պլան չկա, կա պաշտպանական դիրքի ամրապնդման պլան, որը կկարողանար կանգնեցնել պոտենցիալ թշնամուն»: