Չնայած պատերազմի պաշտոնական ավարտին, Լեռնային Ղարաբաղում դարձյալ կրակում եւ սպանում են: Ռուս խաղաղապահները ստիպված են կանգնել ադրբեջանցիների եւ հայերի միջեւ, որոնք հաստատապես հանդարտ գործուղում չեն ունենա, հայտնում է «Ռեպորտյորը»:

«Այս չճանաչված հանրապետության տարածքում արդյոք կլինի՞ խաղաղություն, թե՞ հրադադարի համաձայնագիրը սոսկ ժամանակավոր դադար է նոր պատերազմից առաջ:

Նայելով Ղարաբաղում հակամարտող ուժերի սահմանագծված քարտեզին՝ ցանկություն է առաջանում մեջբերել ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշի խոսքը Առաջին աշխարհամարտն ավարտած Վերսալյան խաղաղության պայմանների վերաբերյալ.

Սա խաղաղություն չէ, սա 20 տարվա զինադադար է:

Բայց փաստ չէ, որ ռազմական գործողությունների վերսկսմանը ստիպված կլինեն սպասել երկու տասնամյակ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում պարունակվում է սկզբունքային հակասություն, որը դեռ անպայման «կրակելու» է: Տարածքները, որոնք դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում մտնում էին ԼՂԻՄ-ի կազմի մեջ, «կարծես թե», պետք է մնային հայերին: Սակայն ադրբեջանական զորքերի հարձակումը կանգնեցվեց նրա առավելագույն հաջողության զարգացման շրջանում, ուստի նոյեմբերի 10-ին այն դադարեցնելու պահին Բաքվին մնացին Հադրութի, Մարտունիի եւ Մարտակերտի շրջանների հատվածներ, որոնք նախկինում կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության մասը: Իսկ ադրբեջանցի զինվորականները չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ, հակառակը՝ նրանք ակտիվորեն սկսել են իրենց օգտին «կտրել» հայկական էքսկլավները: Նրանք հաղթողի իրավունքով սկսել են մաքրել իրենց թիկունքում մնացած գյուղերն ու ղարաբաղցիների բանակի դիրքերը, որոնք ոչ մի տեղ չեն գնացել, չնայած Երեւանի կապիտուլյացիային, եւ զինված դիմադրություն են ցույց տվել: Երկու կողմից արյուն է հեղվել, եւ ստիպված էին միջամտել ռուս խաղաղապահները:

Բարեբախտաբար, նրանք ստիպված չեն եղել զենք կիրառել, բայց սա արդյո՞ք երկար կտեւի: Ըստ եռակողմ համաձայնագրի՝ Բաքուն, կարծես, չպետք է ուժով պաշտպանի այդ տարածքը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից սա ադրբեջանական հող է: Ուստի, կոպիտ ասած, նախագահ Ալիեւին իր գործողություններում սահմանափակում է միայն նրա բարի կամքը: Իսկ ռուս խաղաղապահների բրիգադն այնտեղ է գտնվում միայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ եւ կարող է մատակարարվել միայն շրջապատող երկրների թույլտվությամբ: Անկեղծ ասած՝ ամենալավ դիրքավորումը չէ: Ամենաուշագրավն այն է, որ հայկական կողմի աչքում Ռուսաստանից խաղաղապահներն արդեն հասցրել են դառնալ այն բանի մեղավորը, որ «ուշանում» են հասնել բաժանարար գծին, ինչը բավականին դժգոհությամբ մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ո՞րն է ուշացման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահներն այնտեղ չեն եղել: Սա առանձին քննարկման, մանրազնին վերլուծության խնդիր է, բայց այս պահին ամենակարեւորն այն է, որ խաղաղապահները տարածք մուտք գործեն բավականին զգալի ուժերով, ինչը պետք է բացառի ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը:

Մեր զինվորականները շատ բարդ եւ երկիմաստ վիճակում են հայտնվել: Մի կողմից` նրանք պետք է ապահովեն ստատուս քվոյի պահպանումը, սակայն նրանց ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կախված է ոչ թե ՄԱԿ-ի մասով կնքված միջազգային պայմանագրերից, այլ հենց Բաքվից: Հինգ տարի անց նախագահ Ալիեւը կարող է խնդրել նրանց դուրս գալ: Մյուս կողմից` մի բրիգադի ուժերով նրանք չեն կարող իրական վերահսկողություն ապահովել հեռավոր լեռնային շրջանների վրա, ինչպես նաեւ կասեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումը, եթե այն որոշի հայերից խլել մնացած տարածքները: Առայժմ Բաքուն բարեկամություն է խաղում Մոսկվայի հետ, սակայն ի՞նչ կպատահի, եթե «բարեկամ Ռեջեփն» իր կրտսեր գործընկերոջը խնդրի նոր գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղում, իսկ ադրբեջանական զինուժը դադարի քաղաքավարի լինել մերոնց հետ:

Պետք է շատ միամիտ լինել` չհասկանալու համար, որ այդպիսի ծրագրեր հավանաբար հասունացվում եւ մշակվում են: Դեռ դրանց ժամանակը չի եկել, սակայն Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների միջեւ եւս դադար է եղել: Իսկ ի՞նչ կլինի Ղարաբաղում մեր խաղաղապահների հետ, եթե ադրբեջանցիներն ու թուրքերը դադարեն մեզ հետ սիրալիր լինել, եւ նրանք հայտնվեն այնտեղ երկու քարի արանքում: Փաստացի, նրանք նախագահ Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների պատանդներն են: Եթե Ռուսաստանը ի վիճակի չէ այնտեղ մշտական հիմունքներով մեծ ռազմական զորախումբ պահել եւ մատակարարել ու արդեն մեղավոր է հայերի առջեւ, ապա գուցե արժե նվազագույնի՞ հասցնել մեր խաղաղապահ առաքելության ձեւաչափը` սահմանափակվելով դիտորդներով»,- նշում է հոդվածի հեղինակ Սերգեյ Մարժեցկին: