Պետությունը կանգնած է Սյունիքի բնակավայրերի թիկունքին, բանակային կորպուսի հրամանատարը, բանակի ներկայացուցիչներն անընդհատ այնտեղ ներկա են, եւ ամբողջ պրոցեսը ղեկավարվում է ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Սյունիքի սահմաններին իրավիճակը խնդրահարույց է, գյուղապետերը հայտարարում են, որ ՊՆ զորքեր չկան այնտեղ, գյուղացիներն ու կամավորներն են պահում սահմանը, իսկ ադրբեջանական ուժերը պահանջում են հետ գնալ, ինչո՞ւ են գյուղապետերը բանակցում ադրբեջանական զինվորականների հետ:

«Իհարկե, եղել են դրվագներ, որ նման հաղորդակցություն է տեղի ունեցել: ՏԻՄ ներկայացուցիչները նույնպես իշխանության ներկայացուցիչներ են եւ ոչ մի տարօրինակ բան չկա, որ իրենք եւս կարող են լինել հաղորդակցության մեջ: Նաեւ այն կամավորական ստորաբաժանումները, որոնք գոյություն ունեն, դրանք նույնպես ԶՈՒ մաս են կզմում եւ ենթակա են ընդհանուր ղեկավարման»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Սյունիքում ունենք բավարար չափի զինված ուժեր, որպեսզի իրականացնեն սահմանների պաշտպանությունը, ցվարչապետն ասաց. «Սյունիքի  հատվածում պետք է իրականացնենք սահմանների ճշգրտում: Ընդհանուր առմամբ, ես ուզում եմ մեր խնդիրը ձեւակերպել. Կարեւորագույն խնդիր է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունություն ապահովելը: Այո, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց մենք տեսնում ենք, որ արվում են իրավիճակն ապակայունցնելու փորձեր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրավիճակը կայունանա, եւ սրա համար պետք է գնանք կոնկրետ որոշումների եւ անենք կոնկրետ քայլեր: Այդ քայլերի մեջ է մտնում Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածում սահմանների ճշգրտման պրոցեսը: Պարզ է, որ դա ունի որոշակի բարդություններ: Բարդությունն այն է, որ Գորիսը Կապանին միացնող 21 կմ-անոց հիմնական ճանապարհը ԽՍՀՄ ժամանակներին գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից եւ հիմա շատ կարեւոր է, որ մենք այդ ճանապարհի բնականոն գործունեությունը կարողանանք ապահովել»:

Լուրերին, որ Հադրութի գյուղերը հանձնվում են հենց այս ճանապարհի դիմաց, Փաշինյանն ասաց. «Դա դավադրության տեսության շրջանակներում է եւ այդպիսի բան լինել չի կարող: Իրադրությունն այնպիսին է, ինպես նկարագրեցի: Ուզում եմ ասել, որ այս պրոցեսները բարդ են, բայց մենք պետք է անպայման անցնենք դրանով եւ իրադրությունը կայունացնենք»: