Վաղը մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանից։

«Պաշտպանության նախարարության կողմից հրաման է իջեցվել, որ բոլոր այն դիրքերը, որոնք զբաղեցրած են եղել մեր կողմից՝ Կապանի պաշտպանության համար՝ վաղը մինչեւ ժամը 17։00-ն հանձնել թշնամուն»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ Կապանը դառնում է անպաշտպան, որի մասին արդեն մեկ ամիս է՝ ինքը խոսում էր. «Ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի եւ հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»։

Հարցին՝ արդյոք բանակցություններ եղե՞լ են դիրքերը հանձնելու վերաբերյալ, Փարսյանն ասաց. «Ենթադրում եմ, որ եղել են բանակցություններ, բայց, համենայն դեպս, մենք մասնակից չենք եղել այդ բանակցություններին»։

Նա նշեց, որ Կապանում ռուս սահմանապահների տեղակայման մասին է խոսք գնում. «Իմ տեղեկությամբ՝ սահմանապահների հիմնական առաքելությունը լինելու է ճանապարհների անվտանգությունն ապահովելը»։

Գեւորգ Փարսյանն ասաց, որ դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում. «Այսինքն՝ այդ գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. այդքան գյուղ շրջափակման մեջ է հայտնվում։ Այն պարագայում, որ Ագարակ, Ուժանիս, Խդրանց, Եղվարդ գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, բայց Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերն այլընտրանքային ճանապարհ չունեն»։

Նա նշեց, որ դիրքերը պահում են քաջարանցի, կապանցի կամավորականներն, ինչպես նաեւ ՄՈԲ զինծառայողները։

Փարսյանն ասաց, որ այս պահին բնակչության շրջանում լարված վիճակ է. «Մեր բնակելի հատվածից հակառակորդը լինելու է ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա»։

Կապանի քաղաքապետը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Ես պահանջել եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ հիմա հազարապատիկ եմ պահանջում»։

Հարցին՝ եթե գա նոր կառավարություն, հնարավո՞ր է պահել որոշակի դիրքեր, քաղաքապետն ասաց. «Ես մտածում եմ՝ նոր Կառավարություն, նոր հնարավորություն, նոր հեղինակություն։ Ես չունեմ երաշխիք, թե նոր կառավարությունը կարող էր մեր ուզած ձեւով հարցին լուծում տար, բայց գոնե կար հնարավորություն։ Ես տեսնում էի, որ այս կառավարությունն այս հարցը չի կարող լուծել։ Սա հեղինակազրկված վարչապետ է։ Այս կառավարությունն իրեն վաղուց սպառել է»։

Նշենք, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Սյունիքի մարզում է, քաղաքապետն ասաց, որ Հարությունյանը դեռ չի այցելել Կապան. «Գիտեմ, որ Սյունիքի մարզում է գտնվում, բայց Կապան չի այցելել դեռ։ Հույս ունեմ , որ կգա ու իմ հարցերին կպատասխանի»։