40 օր անցավ այն օրվանից, երբ հաստատվեց զինադադար, եւ այսօր մենք ձեզ հետ միասին սգո արարողություն ենք կատարում ի հիշատակ մեր սուրբ նահատակների: Այս մասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգի ժամանակ իր խոսքում նշեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Ավետարանական ճշմարտություն կա՝ երանի նրան, ով կյանքը կտա ընկերոջ համար: Ավելի երանի նրան, ով կյանքը կտա ազգի, հայրենիքի եւ հավատքի համար: Այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5 հազար հոգով: Նահատակի պսակն ամենաթանկագինն է, որովհետեւ նրանք գիտակցաբար գնացին դեպի մահ: Այսօր ոգեկոչելով հիշատակը մեր նվիրյալների, սուրբ նահատակների, ամեն ինչ պետք է անենք, որ այդ արյան թանկագին գինը ամեն ինչով արդարացվի: Պետք է իրենց երազանքը կյանքի կոչենք:

Այո, ծանր, վտանգավոր վիճակում ենք, ծանր փորձություն է, բայց հաղթում է նա, ով չի ընկճվում, ով որ կարողանում է վեր հառնել: Այսօր ժամանակն է, որ մենք ավելի միաբանվենք ազգովի, ավելի զորանանք, լարենք մեր ներքին բոլոր ուժերն ու կարողությունները, եւ մեր ազգն ունակ է դա անելու: Ամեն ազգ ցանկացած փորձություն պետք է հաղթահարելով դուրս գա: Դեռ մեզ սպասում են մարտահրավերներ, որը մենք գիտակցում ենք եւ պետք է պատրաստվենք դրան ավելի զորեղ ձեւով, ավելի սթափ ու իմաստուն որոշումներ կայացնենք: Միայն միաբան ուժերով կարող ենք հարթել մեր ապագան:

Բոլորիս կոչ եմ անում, ժամանակն է համախմբվելու, սթափվելու: Թող Աստված հոգին լուսավորի մեր նահատակների, իրենց հարազատներին Սուրբ հոգով մխիթարություն պարգեւի»:

Պարգեւ Սրբազանը հավելեց, որ մենք պետք է կարողանանք շարունակել մեր կյանքը հանուն ազատության, հանուն մեր սահմանների պաշտպանության, հանուն մեր անկախության եւ հայեցի կյանքի: