Երեւան- Գորիս ավտոճանապարհը փակ է։ Սյունեցիները ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ չարձակեն։

«Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի է։ Պահանջում ենք, որ հանգիստ ձեւով բաց թողեն նրան։ Երբ կգա մեզ մոտ ու կասի, որ ազատ է, մենք էլ ճանապարհը կբացենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց սյունեցիներից մեկը։

Նշենք, որ սյունեցիները վաղ առավոտից ցանկանում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ, սակայն նրանց ոստիկանական ուժերը չթույլատրեցին եւ նրանք մնացին Շինուհայրի խաչմերուկում։ Ոստիկանները փակել էին ճանապարհը եւ թույլ չէին տալիս, որ սյունեցիները դուրս գան Գորիս քաղաքից։

Վաղ առավոտյան ձերբակալվել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով ավելի վաղ կոչ էր արել, որ գորիսեցիները միանան ավտոերթին, եւ թույլ չտան, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտնի Սյունիքի մարզ։ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է նա բերման ենթարկվել՝ հայտնի չէ։

Հիշեցնենք նաեւ, որ օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, աշխատանքային այցով կլինի Մեղրիում, Կապանում, Գորիսում եւ Սիսիանում։ Սակայն նա այցելեց միայն Սառնակունք գյուղ, ապա Սիսիան, որտեղ նաեւ քահանայի հետ միջադեպ տեղի ունեցավ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մյուս համայնքներ իր այցը։ Փաշինյանի համոզմամբ՝ Երեւան-Գորիս ճանապարհը գորիսցիները փակել են այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ իրեն լավ են ընդունելու նաեւ  այդ քաղաքներում։

Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել ոստիկանությունում հարուցված քրգործի շրջանակներում. նա Քննչական կոմիտեում է