Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Բերտի Ֆոգտսը հայտարարել է, որ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարձակման է ենթարկվել երեք մարդկանց կողմից: Ֆոգտսն արդեն դիմել է ոստիկանություն եւ միջադեպը կքննարկի իր փաստաբանների հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Azerisport.com-ը գրում է, որ իրականում ոչ թե հարձակում է եղել, այլ ասուլիսի ժամանակ որոշ լրագրողներ փորձել են վիրավորական բնույթի նվեր մատուցել Ֆոգտսին, սակայն հասնել նպատակին նրանց չի հաջողվել:

Sport-Express-ը հաղորդում է, որ լրագրողներից մեկը զուգարանի թուղթ է նետել գերմանացու վրա, մյուսն էլ ջրով սափոր է մատուցել նրան:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ղազախստանից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ադրբեջանական մամուլն ու երկրպագուները սկսել են վիրավորական արտահայտություններ թույլ տալ գերմանացու հասցեին: Ադրբեջանի հավաքականը Ղազախստանի հետ A խմբի հետնապահն է: Հունիսի 7-ին Ադրբեջանի մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը: