Ադրբեջանը համաձայնել է իր տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայությանը (եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարում): Բացի այդ, Բաքուն համաձայնել է ոչ միայն Նախիջեւանում, այլ նաեւ Գյանջայում թուրքական բազայի ստեղծմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Փաստացի մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կորցնում է իր ինքնիշխանության զգալի մասը, քանի որ իր տարածքներում կգտնվեն միանգամից երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի զորքերը: Ադրբեջանը հաղթել է պատերազմը, սակայն դրա արդյունքում կորցրել իր ինքնիշխանության զգալի մասը»,-հավելեց փորձագետը:

Սաֆրաստյանը նկատեց, որ Արցախում պատերազմի սկզբից Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղում Ռուսաստանի հետ համագործակցությունը պատկերացնում է սիրիական մոդելով, սակայն դա տեղի չունեցավ, եւ Ռուսաստանը դրան չդիմեց:

«Հարավային Կովկասը Սիրիա չէ, դա ռուսական ազդեցության գոտին է, եւ այստեղ Մոսկվան մտադիր չէ ոչնչով կիսվել Անկարայի հետ: Թուրքիան ձգտում է ռուս խաղաղապահների հետ իր ուժերը տեղակայել: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է այցելության եւ մոնիթորինգ անցկացնելու հնարավորություն ստանալ: Ռուսաստանն, իհարկե, այդ քայլին չի գնա: Մոնիթորինգ կիրականացվի միայն տեխնիկական միջոցներով, իսկ այդ կենտրոնի ներկայացուցիչները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենա հատելու Արցախի սահմանը: Այդ հարցերում թուրքերը ստիպված են եղել զիջել: Ինչ-որ բան նրանք ստացել են, սակայն նրանց հաջողությունը չունի ո՛չ տակտիկական, ո՛չ առավել եւս ռազմավարական նշանակություն: Կովկասում ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար Անկարայի պայքարը կշարունակվի ոչ միայն Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի գործոնի, այլ նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջանական քաղաքական-տնտեսական առանցքի կիրառմամբ: Ռուսաստանը ի հակադրումն դրա կձգտի պահել իր ազդեցությունն Ադրբեջանում, քանի որ եթե Անկարան փորձի ամրապնդվել այդ երկրում, ապա փաստացի կամրապնդվի Հարավային Կովկասում, ինչը հակասում է Մոսկվայի շահերին: Ադրբեջանը եւս հաշվի կառնի Մոսկվայի շահերը»,-ընդգծեց թուրքագետը: