Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Խաջիզադեն նախազգուշացրել է տարածաշրջանի արաբական երկրներին, որ Իրանը չի տարբերակի ամերիկյան ռազմաբազաներն ու երկրները, որոնց տարածքում են գտնվում այդ օբյեկտները, եթե պատերազմ սանձազերծվի:

Բրիգադային գեներալի խորհուրդ է տվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ աշխատող տարածաշրջանի երկրներին փոխել իրենց քաղաքականությունը, հաղորդում է Tasnim-ը:

«ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը երբեք չեն ապահովել անվտանգություն, եւ եթե ինչ-որ բան պատահի եւ պատերազմ սանձազերծվի, մենք չենք տարբերակի ամերիկյան ռազմաբազաներն ու երկրները, որոնց տարածքում են գտնվում այդ օբյեկտները»,-նշել է նա:

Գեներալ Խաջիզադեն հաստատել է, որ ԻԻՀԿ-ի հրթիռային հզորությունը երբեք չի դառնա բանակցությունների առարկա:

Խաջիզադեն նաեւ նշել է Իրանի՝ ամերիկյան բազաների ուղղությամբ պատասխան հարվածի մասին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո՝ հայտարարելով, որ այդպիսի հարձակումը ոչնչացրել է ԱՄՆ-ի արժանապատվությունը: