Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:

«Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- երկուշաբթի կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ ղեկավարը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք կառավարությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները: Նրանք առաջիկայում կստեղծեն աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, կներկայացնեն տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տարածաշրջանի տնտեսության զարգացման կոնկրետ ծրագրեր։

Նշենք, որ Կրեմլում ավարտվել են Փաշինյանի եւ Ալիեւի հետ Պուտինի բանակցությունները, որոնք տեւել են շուրջ 4 ժամ։ Հանդիպման թեմաներն են եղել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործումը եւ տարածաշրջանում խնդիրների լուծման հետագա քայլերը: