Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպումից հիմնականում երկու ուղղությամբ ակնկալիքներ կային, սակայն արձանագրվել է զրո ձեռքբերում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Առաջինը, որ պետք է լուծեր ՀՀ վաչապետը, դա ռազմագերիների հարցն էր, որն ինչպես գիտեք, չլուծվեց։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար երկրորդ շատ կարեւոր խնդիրը Արցախի կարգավիճակի հարցի բարձրաձայնումն էր, այդ մասով եւս որեւէ առաջընթաց եւ հաջողություն չունենք։ Ասուլիսի ժամանակ կմկմալով ինչ-որ կերպ Փաշինյանը խոսեց ստատուսի մասին, ինչը, բնականաբար բավարար չէր։ Այս հանդիպումից ակնկալվող երկու հիմնական արդյունքների մասով մենք ունենք զրո ձեռքբերում»,- ասաց Սաղաթելյանը։

Դաշնակցական գործչի տեղեկություններով՝ ստորագրված հայտարարության 4 կետերից բացի նախատեսվում էր նաեւ 5-րդը,  որը վերաբվերում էր ռազմագերիներին, բայց այն դուրս է մնացել փաստաթղթից․ «Որովհետեւ մենք բազմիցս ասել ենք՝ ծնկի եկած, պարտված, անկարող ղեկավարն ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության եւ ժողովրդի շահերը, սա է խնդիրը։ Եթե մենք Ադրբեջանում ռազմագերիներ ունենք, եւ այդ հարցում որեւէ առաջընթաց տեղի չի ունենում, դրանից հետո ինքն ինչո՞ւ էր որեւէ փաստաթուղթ ստորագրում Ալիեւի հետ, պետք է դուռը շրխկացներ եւ դուրս գար, բայց քանի որ չունենք մենք այդ ղեկավարը, ինքն անկարող է, դավաճանանական պրոցեսի մեջ է, շարունակելու ենք այսպես  մեր ընթացքը։ Պետության շահերը պաշտպանող անձ մենք չունենք»։

Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման համակարգողի համոզմամբ՝ եթե Հայաստանը ներկայացներ մեկ այլ անձ, ապա կհաջողվեր ռազմագերիների եւ այլ հարցերում ձեռբքերումներ ունենալ։

«Եթե լիներ մեկ այլ անձ, ով պրոֆեսիոնալ էր, ով սիրում է մեր երկիրն, ով ունի այդ կարողությունները, ով ունի միջազգային գործընկերների կողմից վստահություն, մենք բոլորվին այլ ընթացք կունենայինք՝ ոչ միայն ռազմագերիների առումով, այլեւ նույնիսկ կապիտուլյացիայի խայտառակ հայտարարությունից հետո անցնող երկու ամիսներին այն կորուստները, որ ունեցել ենք, այսօր դա  չէինք ունենա»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան- Պուտին-Ալիեւ հանդիպման ավարտին ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որի  համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով եռակողմ աշխատանքային խումբ պետք է ստեղծվի։ Իշխանության ներկայացուցիչներից տեսակետներ են հնչում, որ ապաշրջափակմանը վերջ է դրվում, եւ դրա թիվ մեկ շահառուն Հայաստանն է եւ այն կբերերի տնտեսական զարգացման։ Սաղաթելյանը այդ կարծիքները ծիծաղելի է համարում․«Մերձիշխանական շրջանակներն այլեւս ասելու բան չունեն, ասում են՝ տեսաք, օրինակ, Տիգրանաշենը կտար, բայց չտվեց։ Եթե վարչապետն ինչ-որ հանդիպման ընթացքում նոր հանձման փաստաթուղթ չի ստորագրում, դա արդեն ձեռքբերում են ներկայացնում։ Հասել ենք այդ աստիճանին, այդ կարգավիճակին, որեւէ հիմնավորում չկա, սա պարզապես քարոզչական հնարքներ են մեր հասարակությանը եւս մեկ անգամ մոլորեցնելու համար»։

 Հարցին, թե այս հայտարարության հետ որեւէ հույս չե՞ն կապում, որ, օրինակ, այն  տնտեսությանը կխթանի եւ դրական արդյունքներ կլինեն, Սաղաթելյանն արձագանքեց․«Բացարձակ։ Տեսեք, թուրքերն իրենց լավագույն երազում չէին կարող մտածել, որ կարող են ունենալ այն՝ ինչ ունեն։ Այս չարիքի կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի անմիջական գործունեության արդյունքում նրանք այսօր ունեն 5+2 շրջանները, ինչը նրանց առավելագույն երազանքն էր,  հիմա դրան գումարած Շուշի, Հադրութ, Թալիշ, Մատաղիս, խայտառակ հայտարարությունը կնքելուց հետո՝ Խծաբերդ, Նոր թաղեր, Սոթքում զիջումներ, Շուռնուխի կեսը, Որոտանից 30 հա, զիջեց շատ կարեւոր նշանակության Զանգելանի, Կուբաթլուիի դիրքերը։ Այսօր Կապանի օդանավակայանը, ըստ էության ադրբեջանցիների հսկողության տակ է,  Գորիս- Կապան ճանապարհը նրանց հսկողության տակ է, այդ մարդու գործունեության արդյունքում էդքան տալուց հետո կանգնել ինչ-որ բան հիմնավորել, տնտեսական զարգացումներից խոսել՝ ծիծաղելի է։ Այս մարդը ադրբեջանցիներին, թուրքերին այնքան զիջում է արել, որ կրտսեր Ալիեւը իր հոր արձանի փոխարեն, կամ դրա  կողքը կարող է կանգնեցնել Նիկոլի արձանը։ Ու եթե այսպես շարունակվի, ավելին ասեմ, սա պատահական չեմ ասում՝ Թուրքիայում Աթաթուրքի արձանի կողքը կարող են կանգնեցնել Նիկոլի արձանը, որովհետեւ այս մարդն իրականացրել է թուրքերի եւ ադրբեջանցիների տարիների երազանքը։ Ու ես զարմանում եմ, որ այս ֆոնի վրա, գտնվում են մարդիկ, ովքեր մտնում են այս պատասխանատվության տակ, եւ արդարացնում են այս մարդու գործունեությունը։ Նա  րոպե առաջ պետք է հեռանա»։

Իշխան Սաղաթելյանը զգուշացնում է՝ երկիրը  հայտնվելու է սոցիալ-տնտեսաական կոլապսում, ինչը բերելու է հումանիտար աղետի։

«Մեր տնտեսությունն այսօր րոպե-րոպե փլուզվում է։ Այն մարդկանց, ովքեր տնտեսական առաջընթացի, նոր հեռանկարների մասին են խոսում,  ասում եմ՝ ընդամենը երկու-երեք ամիս հետո մենք խայտառակ իրավիճակի առջեւ ենք կանգնելու։ Քանի դեռ այս Կառավարությունը այդ մարդու գլխավորությամբ կա, ամեն օր մենք ավելի վատ ենք ապրելու, սա պետք է բոլորը հասկանան։ Իսկ այն պատգամավորները, քարոզիչները, որոնք դեռ փորձում են հիմնավորել այս դավաճանությունը, իրենք պատասխանատվություն են կրում այլեւս այս ամենի համար»,- նշեց նա։

Սաղաթելյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր  է բարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը, երբ Շուշին, Հադրութը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ասաց․ «Առաջին խնդիրն այն է, որ է պետք է բացառել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի Արցախի կարգավիճակի, Արցախի անկախությանը, սա բնական գործընթաց է, բայց մինչեւ այդ պետք է լինի հայեցակարգ, որի հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի անվտանգությունը, եւ արցախցիների վերադարձը Արցախ։ Սա հսկայական պրոցես է, որի համար պետք է ունենանք Կառավարություն, որ այս հարցերի լրջությունն ամբողջությամբ հասկանում եւ տիրապետում է, ով ի վիճակի է միջազգային լուրջ բանակցությունների, որ գոնե այս խնդիրները կարողանանք լուծել»։

Հայրենիքի փրկության շարժման օրակարգի թիվ մեկ պահանջը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջին օրերի լռությունը, ըստ Սաղաթելյանի, պայմանավորված էր անցած գործողությունները  գնահատելու, նոր ծրագրեր կազմելու եւ նոր թափով պայքարը վերսկսելու համար։

«Մեր ծրագրերում եւ մոտեցումներում ոչինչ չի փոխվել։ Այս մարդը րոպե առաջ պետք է հեռանա, հետեւաբար, մենք առաջիկայում սկսելու ենք այցելել մարզեր։ Լինելու են հանդիպումներ, հավաքներ, երթեր, բողոքի զանգվածային ցույցեր։ Հայաստանի ամբողջ տարածքում եւ մասնավորապես՝ մայրաքաղաքում մեր բողոքի ակցիաները շարունակվելու են, եւ որով հասնելու ենք նրան, որ այս իշխանությունը հեռանա։ Ուրիշ ճանապարհ չկա, քանի դեռ այս մարդը գտնվում է վարչապետի աթոռին, մենք ամեն օր ունենալու  ենք կորուստներ, հետեւաբար ամեն օրը կարեւոր է, որ ինքը շուտ հեռանա»,- ասաց նա։

Օր առաջ նպատակին հասնելու համար, Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է անում  միանալ իրենց պայքարին։ Նա վստահեցնում է՝  երբեք իրենց պահանջներից չեն հրաժարվելու եւ ինչ-որ գործարքի մեջ չեն մտնելու։