Երաժիշտը, ով բանտարկված է եղել Եգիպտոսի հանգուցյալ, տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների հետ, պատմել է սաունայով, մարզադահլիճով եւ ֆուտբոլի խաղադաշտով նրանց շքեղ կյանքի պայմանների մասին, հաղորդում է MEMO-ն:

Երաժիշտ Հանի Մեհանան պնդում է, որ ինքը բանտում է եղել Գամալ եւ Ալա Մուբարաքների, գործարարներ Ահմեդ Էզի եւ Հեշամ Թալաաթ Մուստաֆայի ու ՆԳ նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիի հետ:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 16 մարդ է եղել Տորայի բանտում՝ մի շենք, որը բավականաչափ մեծ է 3000 մարդու համար: Նա նշել է, որ Հեշամ Մուստաֆան շքեղ կահավորմամբ մզկիթ է կառուցել, երբ իրենք բանտում են եղել, իսկ Ահմեդ Էզը մարզադահլիճ եւ սպա է կառուցել: Բանտում եղել է նաեւ բիլիարդ, սեղանի թենիսի սեղաններ, օդորակիչ եւ թարմ սնունդ: Մեհանան, ով ընկերություն է արել Մուբարաքի որդիների հետ, ասել է, որ նրանք են իր համար հեռուստացույց եւ սառնարան գնել:

Այս բացահայտումը վրդովմունք է առաջացրել իրավապաշտպանների շրջանում: Եգիպտոսում 60 000 քաղբանտարկյալներ ապրում են մակաբույծերով լի խցերում, զրկված արեւի լույսից: Խցերում մոտ 40 բանտարկյալ կա, եւ հաճախ նրանք ստիպված են հերթով քնել, քանի որ տեղերն անբավարար են: Նրանք նաեւ պարբերաբար խոշտանգումների են ենթարկվում եւ զրկված են բժշկական օգնությունից ու այցերից՝ որպես պատիժ: