Իտալիայի հարավային Լամեցիա Տերմե քաղաքում սկսված մեծ դատավարության ժամանակ դատարանի առջեւ են կանգնել «Նդրանգետա» մաֆիոզ կլանի 355 անդամներ եւ նրանց հետ կապված կոռումպացված պաշտոնյաներ, գործարարներ ու փաստաբաններ, հաղորդում է BBC- ն:

Նրանց մեղադրում են բազմաթիվ բռնի եւ աղմկահարույց հանցագործությունների մեջ՝ սպանություն, թմրանյութերի վաճառք, ռեկետ, փողերի լվացում, կաշառք եւ պաշտոնի չարաշահում, որոնք տեղի են ունեցել 1990-2019թթ․։ Նախնական լսումների ընթացքում ամբաստանյալների ցուցակը կարդալու համար երեք ժամ է պահանջվել: Եւս 92 մարդ իրեն մեղավոր է ճանաչել եւ կդատվի պարզեցված կարգով:

Դատավարության գլխավոր հերոսը՝ Իտալիայում հայտնի 62-ամյա դատախազ Նիկոլա Գրատտերին է: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է պետության պաշտպանությամբ: Գրատերիի գլխավորությամբ երկարատեւ հետաքննությունը ավարտվել է 2019-ի դեկտեմբերին՝ Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Բուլղարիայում զանգվածային ձերբակալություններով: «Ես մեծացել եմ մաֆիայի կողմից ղեկավարվող տարածքում»,- ասել է նա AFP-ին: - Ավտոստոպով դպրոց գնալիս ես պարբերաբար ճանապարհի եզրին տեսնում էի սպանված մարդկանց, իսկ ինձ հետ նույն դասարանում էր սովորում բոլորին հայտնի մաֆիոզի որդին: Իմ մանկության ընկերներից շատերը ավազակ դարձան, բայց երբ ես մեծացա, որոշեցի, որ պետք է պայքարել դրա դեմ»:

Հիմնական թիրախը «Նդրանգետա»-ի ամենահզոր կլաններից մեկն է՝ Մանչոզո ընտանիքը: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նրա գլուխը՝ 66-ամյա «Հորեղբայր» Լուիջի Մանչոզոն եւ նրա ձեռքի տակ գտնվող «Գայլ», «Չաղ» եւ «Շեկլիկ» մականուններով անձինք:

Դատը տեղի է ունենում հատուկ վերափոխված եւ ամրացված հսկայական դահլիճում եւ կտեւի մեկից երկու տարի: Պետք է լսեն ավելի քան 900 վկաների, այդ թվում՝ 58 նախկին մաֆիոզների՝ աննախադեպ թիվ, հաշվի առնելով «լռության օրենքը», եւ ուսումնասիրեն բազմաթիվ փաստաթղթեր եւ փորձաքննությունների նյութեր:

Այս մեծության վերջին դատավարությունը Իտալիայում տեղի է ունեցել 1986-1987 թվականներին եւ ավարտվել է Սիցիլիական «Կոզա Նոստրա»-ի 338 մասնակիցների դատապարտմամբ: Դատախազներ Ջnիովանի Ֆալկոնեն եւ Պաոլո Բորսելինոն հետագայում մաֆիայի վրեժի զոհ են դարձել։

«Նդրանգետան» (հունարեն «քաջություն» բառից) գործում է Կալաբրիա նահանգում՝ իտալական «կոշիկի ծայրին»: Այն ավելի քիչ է հայտնի, քան «Կոզա Նոստրան» եւ նեապոլիտանական «Կամորան», բայց, ըստ մասնագետների, դրանց ոչնչով չի զիջում:

Լամեցիա-Տերմե ծովափնյա հանգստավայրը, որտեղ տեղի է ունենում դատավարությունը, համարվում է «Նդրանգետան»-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքը, այստեղ բարձր է բռնության հանցագործությունների մակարդակը։

Ըստ Գրատերիի, «Նդրանգետան» բաղկացած է շուրջ 150 «ընտանիքից», որոնց ենթարկվում են մոտ 6000 «բրիգադիրներ» եւ շարքային զինյալներ: Հաշվի առնելով Իտալիայում եւ այլ երկրներում հանցակիցներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են «Նդրանգետա»-ի գործունեության մեջ, մարդկանց թիվը գնահատվում է 20 000: «Նրանք ունեն նույնպիսի բրգաձեւ կառուցվածք»,- ասել է Գրատերին France-Presse-ին տված հարցազրույցում: