Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը, սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածով։

Ադրբեջանի իշխանությունների՝ իրականացված ցեղասպան գործողությունների բազմամյա և հետևողական ժխտումը մի կողմից, և նման հանցագործությունների խրախուսումը դրանց իրագործողների հերոսացման միջոցով՝ մյուս կողմից, դարձել են Ադրբեջանի քաղաքականության հիմնական շարժիչ ուժը, որի նպատակն է ոչնչացնել հայերին իրենց պատմական հայրենիքում և հայ ժողովրդի ներկայության բոլոր հետքերը՝ իրենց բնիկ բնակության տարածքում: Այդ քաղաքականությունը, վերջին հաշվով, կանխորոշեց Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ 44-օրյա պատերազմը: Զինված ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ և համակարգված պատերազմական հանցագործություններով, ներառյալ՝ խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հարձակումները և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծումը՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ, դաժան հաշվեհարդարները, անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքը ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը դիտավորյալ կերպով նման վայրագություններ պարունակող տեսանյութեր է տեղադրում սոցիալական ցանցերում»: