Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այսպիսով Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով երկու անգամ իմպիչմենթի է ենթարկվել: Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել իմպիչմենթի հոդվածի վավերացմանը, որով նախագահ Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված խռովություն հրահրելու մեջ: 232 կոնգրեսական կողմ է քվեարկել բանաձեւին: Ընդ որում, իմպիչմենթը պաշտպանել են 10 հանրապետականներ:

Այժմ խոսքը Սենատինն է: «Ամերիկայի ձայնը» նշում է, որ Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն արդեն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին, վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հաջորդ հերթական նիստը նախատեսված է միայն երեքշաբթի օրը:

Սակայն Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հիշեցրել է այն գործիքները, որոնք Մաքքոնելը կարող էր օգտագործել Սենատի նիստը շուտ գումարելու համար, եւ հորդորել է նրան անել դա՝ Ներկայացուցիչների պալատի առաջարկած իմպիչմենթի հոդվածը քննարկելու համար:

Ուրբաթ օրը Սենատը նախատեսում է, այսպես կոչված, «ձեւական» նիստ անցկացնել: Այսպիսի նիստերը սովորաբար շատ կարճ են լինում եւ օրենսդրական հարցեր դրանցում չեն լուծվում: