Ըստ էության, մենք դատաիրավական բարեփոխումների մի շատ էական փուլ ենք մտնում: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրենքների առաջարկվող փաթեթին, որով ստեղծվում են հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ:

ԴԻմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, վարչապետն ասաց. «Երեկ ԱԺ-ում դուք ներկայացրեցիք հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ մեր ընդունած օրենքի նախագիծը եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ձեւավորման նախագիծը: Առաջիկայում սպասում ենք պարեկային ոստիկանության ձեւավորմանը եւ այս փաթեթն էլ մեր բարեփոխումների կարեւոր մաս է: Մենք, ըստ էության, կալանքի եւ ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն այդ կարգի գործերը: Դատավորների ընտրության եւ նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարեւորը բարեվարքության ստուգումն է, որը լայնորեն քննարկվում է:

Այստեղ մի հարց է բաց մնում: Մենք հիմա ունենք մի վիճակ, երբ բարեվարքության ստուգման արդյունքները խորհրդատվական բնույթ ունեն եւ հրապարակային չեն դառնում: Մենք այստեղ պետք է հասկանանք, որ կարող է լինել դեպք, երբ բարեվարքության հետ կապված խնսդրահարույց եզրակացություն լինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց, ըստ էության, ԲԴԽ-ի կողմից դատավորի նշանակման վրա  դա կարող է ազդեցություն չունենալ: Այսինքն այդ եզրակացությունը պարտադիր չի կարող լինել ԲԴԽ-ի համար»:

Այս առնչությամբ Բադասյանը նշեց, որ քիչ հավանական է, որ ԲԴԽ-ն հաշվի չառնի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը, որովհետեւ եթե խորհրդատվական եզրակացությունում կոնկրետ փաստերի մասին է խոսքը, որը վկայում է բարեվարքության մասով խնդիրների մասին, խնդրահարույց կլինի, եթե ԲԴԽ-ն նման եզրակացությունը հաշվի չառնի:

Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է հետեւողական լինել բարեվարքության ստուգման արդյունքների հետագա ազդեցություններն ապահովելու համար: «Որովհետեւ եթե բարեվարքության առումով նեգատիվ  տեղեկատվություն կա, պետք է երաշխիքներ ստեղծենք, որ այդ փաստերով ստուգված նեգատիվ տեղեկատվությունը շատ կոնկրետ եւ ուղիղ ազդեցություն ունենա»: