Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին Քարինտակ գյուղում հայտնաբերել են զոհված քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի մարմինը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց Թադեւոսյնաը՝ հավելելով, որ հունվարի 13-ին որոնողական աշխատանքները իրականացվել են նաեւ Թալիշի, Հադրութի եւ Մատաղիսի ուղղություններով, սակայն, այդ վայրերում զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։

Այսօր որոնողական աշխատանքները դադարեցվել են ադրբեջանական կողմի պահանջով։

«Դա կապ չունի երեկ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի հետ։ Որոնումները պետք է լինեին Ջաբրայիլի եւ Հադրութի շրջաններում, բայց այդ տարածքներում ադրբեջանցիները աշխատանք էին իրականացնում եւ այդ պատճառով հնարավոր չէ եղել այսօր որոնումները շարունակել»,- նշեց Հունան Թադեւոսյանը՝ հավելելով, որ վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն, թե ո՞ր ուղղությամբ, դեռ պարզ չէ։

Մինչ օրս հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1230 է: