Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները հայտնել են երկրում անցյալ տարվա հունիսից հոկտեմբեր կորոնավիրուսի 16 տարատեսակների հնարավոր տարածման մասին, հայտնում է տեղական Nation պարբերականը:

Կորոնավիրուսի տարբեր տեսակների շրջանառության մասին տեղեկությունները ստացվել են առնվազն 8 շրջաններում ավելի քան 200 մարդու անալիզների նմուշների հետազոտման արդյունքում:

Նշվում է, որ երկրում ընդհանուր կարող է շրջանառվել կորոնավիրուսի 20 մուտացիա, որոնցից չորսը հայտնաբերվել էին համավարակի սկզբում՝ անցյալ տարվա մարտին:

Գիտնականների տեղեկություններով՝ Քենիայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակները զգալիորեն տարբերվում են «բրիտանական» եւ «հարավաֆրիկյան» շտամներից, որոնց հայտնաբերման մասին երկրում առայժմ չի հաղորդվել: Սակայն նշվում է, որ միայն Քենիայում հայտնաբերված եզակի տարբերակը հարուցում է առողջապահության ոլորտի փորձագետների մտահոգությունը:

ԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչությունը հայտնում է, որ Քենիայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը անցել է 98 հազարից, մահացել է հաստատված հիվանդությամբ 1,7 հազարից ավելի պացիենտ: