Կոտայքի մարզից պատերազմում զոհված, անհետ կորած և վիրավոր զինծառայողների փոքրիկների համար երեկ՝ հունվարի 13–ին միջոցառում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում։ Միջոցառմանը ներկա էր անվանի շախմատիստ, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ում հետ էլ փոքրիկ շախմատիստները փորձեցին իրենց ուժերը: Շուրջ հինգ տասնյակ երեխաների համար օրը տոն դարձավ «Դու միայն ժպտա» նախաձեռնության հիմնադիր Մելինե Մուրադյանի և ամերկաբնակ Էդվին և Նարե Եղնանյան ընտանիքի ջանքերով։ Կազմակերպիչները հույս ունեն, որ նմանօրինակ նախաձեռնություններն օրինակ կդառնան շատերի համար, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ լինի արտերկրում, թե Հայաստաում իր ներդրումն ունենա հայրենիքի պաշտպանների երեխաներին ուշադրության արժանացնելու, նրանց կյանքը ժպիտով լցնելու գործում։