Եթովպիայի իշխանությունները հայտնել են, որ զինվորականները Թիգրայի շրջանում սպանել են նախկին իշխող կուսակցության երեք անդամների, այդ թվում՝ Եթովպիայի նախկին արտգործնախարար Սեյում Մեսֆինին, հայտնում է Reuters-ը:

Տիգրայի ժողովրդական-ազատագրական ճակատի (ՏԺԱՃ) երեք ներկայացուցիչ սպանվել է, եւ կուսակցության հինգ այլ անդամներ առեւանգվել են այն բանից հետո, երբ հրաժարվել են հանձնվել զինվորականներին, հայտնել է Տիգրայի ճգնաժամային հարցերով կառավարության նպատակային խումբը:

Վարչապետ Աբի Ահմեդի կառավարությունը հայտարարել է ՏԺԱՃ-ի հետ հակամարտության մեջ անցած նոյեմբերի 28-ին տարած հաղթանակի մասին` գրեթե մեկամսյա մարտերից հետո:

ՏԺԱՃ-ի փախուստի դիմած ղեկավարները խոստացել են շարունակել պայքարը Եթովպիայի հյուսիսում գտնվող տարածաշրջանի լեռներից: Անցյալ շաբաթ զինվորականները հայտարարել էին, որ իրենք գերեվարել են ՏԺԱՃ-ի հիմնադիր-անդամ Սեբհատ Նեգային։ Ըստ պետական հեռուստատեսության հաղորդման, հանգստյան օրերին սպանվել են ՏԺԱՃ-ի 15 անդամներ, եւս ութը գերեվարվել են: Սեյումը Եթովպիայի արտաքին գործերի նախարար է եղել 1991-2010 թվականներին: Ենթադրվում է, որ նոյեմբերի սկզբից Տիգրայում ավիահարվածներն ու մարտերը հանգեցրել են հազարավոր մարդկանց մահվան: Այս շաբաթ ՄԱԿ-ը հայտնեց, որ որոշ շրջաններում մարտերը շարունակվում են, եւ ավելի քան 2 միլիոն մարդ օգնության կարիք ունի: