Մանկական երգիծական «Երալաշ» շարքի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին, ով ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, մահացել է 72 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինա Բելոցերկովսկայան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գրաչեւսկին COVID-19-ով վարակվել էր դեկտեմբերի 21-ին, մեկ շաբաթ անց նրան հոսպիտալացրել էին № 52 հիվանդանոց: Ավելի ուշ, դեկտեմբերի 31-ին, Բելոցերկովսկայան ասել էր, որ Գրաչեւսկին գտնվում է կայուն ծանր վիճակում: Նա նաեւ հայտնել էր ամուսնուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին:

Գրաչեւսկին ծնվել է 1949 թվականի մարտի 18-ին՝ Մոսկվայում: Ավարտել է Կորոլյովի գործարանին կից Կալինինգրադի մեխանիկական տեխնիկումը, ավելի ուշ՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը՝ «կինոարտադրության կազմակերպում» մասնագիտությամբ: Նա ադմինիստրատոր է աշխատել ռեժիսորներ Ալեքսանդր Ռոուի, Մարկ Դոնսկոյի եւ Վասիլի Շուկշինի ֆիլմերում:

1974-ին Բորիս Գրաչեւսկին, դրամատուրգ Ալեքսանդր Խմելիկի հետ միասին, հիմնադրել է «Երալաշ» մանկական երգիծական կինոշարքը: