«ՄԻՌ» միջազգային հումանիտար հիմնադրամի վարչության ղեկավարության նախաձեռնությամբ սկսվել է «Հիշատակի բլուր» նախագծի՝ Երասխ գյուղում զոհված Էրեբունի ավիաբազայի Մի-24-ի ռուս օդաչուներին նվիրված հուշահամալիրի իրագործումը: Այս մասին հայտնում է «ՄԻՌ» միջազգային հումանիտար հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Համալիրը ներառելու է Իլյա մարգարեի անվան մատուռ-եկեղեցի, եկեղեցապատկան տարածք, ռազմապատմական թանգարան, խաչերթի տեղ, ռուս օդաչուների հուշարձան եւ այլ նշանակալի հիշատակի օբյեկտներ: Համալիրի տարածքում ստեղծվելու են հարմարավետ սալարկված արահետներ, տնկվելու են մրգերի եւ հատապտուղների ծառեր եւ թփեր, բուժական եւ դեկորատիվ բույսեր, որոնք բերվել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից:

Նախագծի իրագործման համար մեկնարկել է ճարտարապետության, քանդակագործության եւ նախագծման ոլորտներում Ռուսաստանից եւ Հայաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետների թվից աշխատանքային խմբի հավաքումը:

«Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման պատմության մեջ ամենամեծածավալ նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել Ռուսաստանի 10 տարածաշրջաններից մասնագետներ եւ կամավորներ»,- ասել է «ՄԻՌ» միջազգային հումանիտար հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Արդեն հունվարի 18-ին Մոսկվայից առաջին արտագնա աշխատանքային խումբը կսկսի այս նախագծի իրագործումը: