Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը տպավորիչ հաղթանակով սկսեց 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած խաղում Հայաստանի թիմը հյուրընկալեց Չեռնոգորիայի ֆուտբոլիստներին եւ հաղթեց 4:1 հաշվով:

3-րդ րոպեին Էդգար Մալաքյանը բացեց հանդիպման հաշիվը: 23-րդ րոպեին Հայաստանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Արտակ Ալեքսանյանը: Այդուամենայնիվ հայ երիտասարդների առավելությունը զգալի էր: 50-րդ րոպեին Մալաքյանը երկրորդ գնդակը խփեց: 77-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը: Հենց հաջորդ գրոհում հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը, բայց վերջին րոպեներին Վալտեր Պողոսյանը հաշիվը դարձրեց 4:1:

Հայաստանի հավաքականը Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի եւ Անդորրայի թիմերի հետ ընդգրկված է ընտրական 3-րդ խմբում: Երեքական միավորով խմբի առաջատարներն են Հայաստանը, Ուելսը եւ Չեռնոգորիան: Չեխիան դեռ հանդիպում չի անցկացրել:

10 խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը լավագույն արդյունքով գրաված չորս թիմերը անցումային խաղերում կվիճարկեն եզրափակիչ մրցաշարի 7 ուղեգրերը: 8-րդ մասնակիցը կլինի Իսրայելի հավաքականը:

2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Իսրայելում: