Պատերազմի վարտից 2 շաբաթ առաջ ես մի հոդված գրեցի, որից հետո ամբողջ հասարակությունն ինձ վրա հարձակվեց. Իմ առաջարկությունն էր, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինոչւ բանակը չընդվզեց Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Մյուս երկրներում, նման դեպքերում, երբ զինվորականները տեսնում են, որ իրենց տանում են պարտության, զինվորականությունը իշխանությունը վերցնում է իր ձեռքը՝ ժամանակավոր՝ 1-2-3 տարով: Ավարտում է ամեն ինչ, նորից հանձնում է քաղաքացիական իշխանությանը: Օրինակ, Թուրքիայում մի քանի անգամ դա եղել է: Հայաստանում դա տեղի չունեցավ: Ես կարծում եմ, մարդիկ, որոնք կարող էին նման որոշում կայացնել, արդեն դուրս էին հանված բանակից: Մնացածի համարձակությունը եւ քաղաքացիական, զգային զգացմունքները երեւի այդ քան հզոր չէին:

Ես պատերազմի ժամանակ հեռախոսով կապվում էի Արցախի գեներալների հետ, ասում էի՝ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, մի թողեք, որ Արայիկ Հարությունյանը սրա հրամանները կատարի: Ցավք սրտի, դա չեղավ: Դա մեր բանակի թերությունն է, դա թույլ է տալիս, որ բանակի վերնախավին չենք կարողացել դարձնել էլիտար, ազգի մասին մտածող: Պարզվեց, որ այդպիսի անձ մեր բանակում չկա, բայց կարող էր լինել»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը: