Միացյալ Նահանգներն Իրանից ակնկալում է վերադարձ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողություններիմ համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում պարտավորությունների կատարմանը, այնուհետեւ կգնահատի նրա քայլերը եւ կորոշի՝ վերադառնա՞ արդյոք ինքն էլ այդ համաձայնագրին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա նախագահ Բայդենը շատ հստակ ասել է, որ եթե Իրանը վերադառնա ԳՀՀԾ շրջանակում իր պարտավորությունների լիակատար կատարմանը, ապա ԱՄՆ-ն նույնը կանի, իսկ հետո մենք դա որպես հիմք կօգտագործենք այն նպատակով, որ մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ անենք այն, ինչը մենք անվանում ենք ավելի երկարաժամկետ եւ կայուն համաձայնագիր, եւ զբաղվենք մի ամբողջ շարք այլ հարցերով, որոնք Իրանի հետ հարաբերություններում լուրջ խնդիր են»,- հավաստիացրել է նա:

Սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ առայժմ «դա դեռ հեռու է»: «Իրանը համաձայնագրին չի հետեւում մի ամբողջ շարք ուղղություններով, եւ եթե ընդունի դա անելու որոշում՝ վերադառնա համաձայնագրի կատարմանը, մեզ որոշ ժամանակ է անհրաժեշտ, որ գնահատենք՝ կատարո՞ւմ է արդյոք իր պարտավորությունները»,- պարզաբանել է Բլինքենը:

ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր ընդունել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու մասին, որից հետո Վաշինգտոնը սկսել էր Իրանի վրա առավելագույն ճնշման արշավը՝ փաստացի ուղղված նրան տնտեսապես խեղդելուն: ԳՀՀԾ-ն Իրանի եւ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների ու Գերմանիայի միջեւ ստորագրվել էր 2015 թվականին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ներկայիս նախագահ Ջո Բայդենը նախկինում բազմիցս հայտարարել էր ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ին վերադարձնելու պատրաստակամության մասին: