Մոսկվայի Շչերբինսկու դատարանը 20 հազար ռուբլով տուգանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կնոջը՝ Յուլյային: Նրան ձերբակալել էին նախօրեին՝ հունվարի 31-ին, քաղաքական գործչի օգտին ցույցի ժամանակ: Ավելի վաղ նրան ձերբակալել էին հունվարի 23-ին մեկ այլ ցույցի ժամանակ: Պաշտպանությունը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել:

Տիկին Նավալնայայի անունով արձանագրություն է կազմվել ցույցին մասնակցելու վերաբերյալ, որը ենթակառուցվածքի խափանումներ է առաջացրել: «Դատարանը Յուլյա Նավալնայային մեղավոր է ճանաչել ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդվածի 6.1 մասով («Չարտոնված ժողովի, հանրահավաքի, ցույցի, երթի կամ նստացույցի մասնակցությունը, որը խափանումններ է առաջացրել կենսապահովման, տրանսպորտային կամ սոցիալական ենթակառուցվածքների օբյետների գործառնության մեջ») եւ պատիժ է նշանակել 20 հազար ռուբլի տուգանքի ձեւով»,- հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

Յուլյա Նավանայայի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: «Մենք դատարանի որոշումը համարում ենք անբավարար պատճառաբանված եւ, անկասկած, այն կբողոքարկենք»,- ՏԱՍՍ-ին ասել է փաստաբան Սվետլանա Դավիդովան:

Ալեքսեյ Նավալնուն հունվարի 17-ին ձերբակալել էին Շերեմետեւո օդանավակայանում Գերմանիայից վերադառնալուց հետո: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է մինչեւ փետրվարի 15-ը՝ «Իվ Ռոշե» գործով փորձաշրջանի պայմանների խախտման պատճառով: Դրանից հետո Ռուսաստանի քաղաքներում անցկացվել են արդեն երկու բողոքի ցույցեր: «ՕՎԴ-Ինֆո»-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ: