Եթե ​​ԵԽԽՎ անդամ երկրների ուշադրությունը Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների բռնի պահման խնդրի վրա հրավիրելու նպատակով որոշակի միջոցառումներ անցկացնելու իմ առաջարկը բացասական պատասխան ստանար հայկական պատվիրակության ղեկավարի կողմից եւ չիրականացվեր, ապա ես անպայման կքննադատեի մեր պատվիրակության ղեկավարի գործողությունները: Այս մասին փետրվարի 2-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի աշխատանքի եւ գործողությունների վերաբերյալ քննադատությունը:

Մարուքյանի խոսքով՝ Եվրոպա ուղեւորությունից առաջ ինքը թիմի իր գործընկերների առաջ հանդես է եկել առաջարկով՝ դիմել ԵԽԽՎ ղեկավարությանը Ադրբեջանում հայ ռազմագերիներին անօրինական պահելու թեմայով հնարավոր բանավեճեր անցկացնելու համար: «Բոլորը որոշեցին, որ դա անհրաժեշտ է անել, բայց մենք միաժամանակ հասկանում էինք, որ մեզ կմերժեն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

Խորհրդարանականը նաեւ հավաստիացրեց, որ չնայած ստացած մերժմանը, ընդհանուր առմամբ, հայ պատգամավորներին հաջողվել է իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրը, ճիշտ է՝ այլ ձեւաչափերով: «Մասնավորապես, հայկական պատվիրակությանը հաջողվել է այս խնդիրը բարձրացնել եւ այն լսելի դարձնել: Դրանում էլ հենց կայանում էր խնդիրը»,- ամփոփեց Էդմոն Մարուքյանը: