Պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչության ներկայացուցիչը Մոսկվայի քաղաքային դատարանի շենքում կայացած դատական նիստում խնդրել է չեղարկել Ալեքսեյ Նավալնու պայմանական պատժաժամկետը եւ փոխարինել 3,5 տարվա ազատազրկմամբ ընդհանուր ռեժիմի գաղութում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Դատարանին խնդրում եմ չեղարկել Ա.Ա. Նավալնիի պայմանական դատապարտությունը, որը Զամոսկորեցկիի դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով պայմանական պատժի»,- հայտարարել է նա:

Ալեքսեյ Նավալնուն հունվարի 17-ին ձերբակալել էին Շերեմետեւո օդանավակայանում Գերմանիայից վերադառնալուց հետո որտեղ նա բուժվում էր ենթադրյալ թունավորման միջադեպից հետո: Նրան տեղափոխել էին օդանավակայանին ամենամոտ խոշոր քաղաք Խիմկիի ոստիկանության բաժին, որտեղ հաջորդ օրը Խիմկիի քաղաքային դատարանը արտագնա նիստում Նավալնուն 30 օրով կալանավորելու որոշում էր կայացրել: Ինչպես պնդում է Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը, Նավալնին կալանավորվել է «Իվ Ռոշե» գործով փորձաշրջանի պայմանների խախտման պատճառով, 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ-ում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: