Արցախում սոցիալական եւ հումանիտար խնդիրներ չլինելու մասին հայտարարությունը պոպուլիզմ է, Արցախում խնդիրները բազմաթիվ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Այդ արտահայտությունը միայն մի բառով կարելի է բնութագրել՝ պոպուլիզմ, երբ իշխանությունը ընդհանրապես ոչինչ չի անում եւ խոսում է չարածի մասին, որ երեւի երազում էր անել։ Բացարձակ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ խնդիրները բազմաթիվ են։ Երեկ մի մարդու հետ էի խոսում, ով կնոջ հետ մեքենայի մեջ էր արդեն երկար ժամանակ անցկացնում գիշերները, որովհետեւ տարրական կեցության հարցը, տանիք ունենալու հարցը չեն կարողանում լուծել։ Այդպիսի դեպքերը բազմաթիվ են, որովհետեւ Արցախում վարձով տուն գտնելը գրեթե անհնար է, եթե գտնեն էլ, աստղաբաշխական թվերով, եւ երբ իշխանությունները ասում են՝ վերադարձեք եւ ձեր կեցության հարցը վարձավճարների փոխհատուցմամբ լուծվելու է, այդ կոչով մարդիկ եկան եւ 12 օր առաջ են սկսել մասնակի ինչ-որ փոխհատուցումներ անել մի քանի հոգու, դրանք հիմնականում արված չեն, եւ այն տների տերերը, որոնք իրենց բնակարանները վարձով էին տվել, խնդրում են լքել բնակարանները, որովհետեւ մարդիկ չդեն կարողանում վճարել վարձերը»,-ասաց նա` նշելով, որ մեքենայում գիշերող ընտանիքը հանձնված տարածքներից է, սկզբում Ստեփանակերտում են վարձով բնակարան գտել, բայց բնակարանի տերը նրանց խնդրել էր լքել բնակարանը։

Պատգամավորի խոսքով` խնդիրները շատ-շատ են՝ սկսած սննդից, վերջացրած հագուստով։

 

«Այսօր Ֆրանսիայից հումանիտար օգնություն էինք ստացել եւ մեր կուսակցության միջոցով տեղահանվածների համար վերմակներ, տաքացուցիչներ էինք բաժանում։ Եթե տեսնեիք, թե ինչքան մարդ էր եկել եւ ուներ դրա կարիքը իրականում: Խոսում են, որ մարդիկ ունենան, թե չունենան, միեւնույնն է՝ գնում են, ուզում են ավելին ստանալ, հավատացեք՝ հնարավոր է լինեն այդպիսի դեպքեր, բայց դրանք շատ չեն։ Հիմնականում մարդիկ իրական կարիքից դրդված, ամաչելով մտնում են ստանալու այդ օգնությունը։ Երեք ամսից ավելի  անցել է, բայց մարդը դեռ անգամ հագուստի խնդիր ունի։ Ի՞նչ հումանիտար կարիքները բավարարելու մասին կարող է խոսք լինել։ Իշխանությունները դեռեւս խոսում են։ Խոսում են 68 հազարների, դրան գումարած 15 հազարների մասին, 300 հազարների մասին, այսօր շատ-շատերը այդ գումարները չեն ստացել։ Ծրագրով հաստատվել է, որ շահառու են, բայց գումարը չլինելու պատճառով չեն ստացել»,-ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով` արցախցիների մի մեծ մաս էլ հյուրանոցներում են։

«Թե ընտանիքները երեխաների հետ որքան կարող են հյուրանոցներում ապրել, թող իշխանությունները պատասխանեն»,- հավելեց նա։

Ավելի վաղ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Արցախում այս պահին ոչ մի սոցիալական և հումանիտար խնդիր չկա, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նաև սոցիալական անվտանգության երաշխավորը, Հայաստանի և Արցախի կառավարությունները համատեղ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում: