Ադրբեջանի նախագահը 4 տարի 8 ամիս 19 օր եւ 12 ժամա անց, հիմնվելով հայտնի տխրահռչակ հայտարարության վրա, կարող է պահանջել դուրս բերել ռուս խաղաղապահներին Ղարաբաղից: Այս մասին փետրվարի 9-ի Ազգային ժողովի նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` դիմելով խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին:

Պատգամավորի խոսքով` սա այն ժամանակն է, որը կարելի է օգտագործել իրադարձությունների նման զարգացմանը նախապատրաստվելու համար: «Բայց ես հիմա նայում եմ առաջարկվող օրակարգին, եւ այն ընդամենը 16 հարց է պարունակում: Ես ուզում եմ գտնել գեթ մի հարց, որը համարժեք կլինի մեր առջեւ ծառացած մարտահրավերներին, սակայն այստեղ այդպիսին չկա»,- դժգոհեց պատգամավորը` հարցնելով, թե ինչի վրա են հիմնվում իշխանությունները խորհրդարանի լիագումար նիստերի նման օրակարգեր մշակելիս:

Ընդ որում, նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանն» ինքը կարող էր անվտանգության խնդիրներին վերաբերող օրակարգ ներկայացնել: Սակայն Սիմոնյանը մտավախություն հայտնեց, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը հերթական անգամ, ըստ արդեն ձեւավորված սովորույթի, բացասական եզրակացություն կտա դրան խորհրդարանական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ:

Տարոն Սիմոնյանի այս հայտարարությունը հիմք հանդիսացավ, որպեսզի իշխող «Իմ քայլը» դաշինքի մի քանի պատգամավոր ճառով հանդես գան` քննադատելով իրենց գործընկերոջ դիտարկումները: Սիմոնյանի ելույթին արձագանքեցին ինքը` Միրզոյանը, ինչպես նաեւ «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը եւ այլոք: