Փետրվարի 9-ին քաղբանտարկյալների ընտանիքների անդամները փորձել են բողոքի ցույց անցկացնել Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Ըստ Turan-ի` ակցիայի մասնակիցների թվում էին xeberman.com կայքի խմբագիր Փոլադ Ասլանովի կինը, Azel.TV-ի ղեկավար Աֆգան Սադիգովի կինը, «Գյանջայի գործով» ձերբակալվածների ընտանիքների անդամները: Նրանց ձեռքում քաղբանտարկյալների լուսանկարներն էին:

Ցույցի մասնակիցներն ԱՄՆ դեսպանատանը եւ այլ պետությունների դիվանագիտական ​​ներկայացուցչություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կոչ են արել մասնակցել ձերբակալվածների դատավարություններին:

Ասլանովի եւ Սադիգովի կանայք հիշեցրել են իրենց ամուսինների հացադուլի եւ նրանց առողջության հետ կապված խնդիրների մասին: Ժամանած ոստիկանները ցուցարարներից խլել են պաստառները եւ լուսանկարները: ԱՄՆ դեսպանատանն ակցիայի հետ կապված Turan-ին ասել են.« Մենք սատարում ենք բոլորի` խաղաղ ձեւով բողոք արտահայտելու եւ հավաքների ազատության իրավունքներին»:

Ըստ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միության տվյալների` ներկայումս երկրի բանտերում քաղաքական պատճառներով ձերբակալված 146 մարդ է պահվում: