Թուրքիան եւ Ադրբեջանը ճնշում կգործադրեն Վրաստանի վրա, եթե բանակցություններ սկսվեն Աբխազիայից Հայաստան երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման համար: Այս մասին փետրվարի 11-ին -NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ դրա համար ինչպես Անկարան, այնպես էլ Բաքուն լուրջ ռեսուրսներ ունեն, եւ, անշուշտ, կօգտագործեն դրանք:

«Թուրքիան լուրջ ազդեցություն ունի Վրաստանի տնտեսության վրա, իսկ Ադրբեջանը կարող է ճնշում գործադրել՝ օգտագործելով Վրաստանի հետ սահմանակից բնակավայրերում ապրող ադրբեջանցիների գործոնը»,- ընդգծեց փորձագետը՝ հիշեցնելով, որ Աբխազիայով Ռուսաստան տանող երկաթգիծը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Նա նկատեց, որ Թուրքիան կապ ունի Ադրբեջանի հետ Վրաստանի միջոցով, եւ միեւնույն ժամանակ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Մեղրիի միջոցով Ադրբեջանի հետ կապ հաստատելու համար:

«Սա խոսում է այն մասին, որ Անկարայի համար Հայաստանի տարածքով երկաթուղու բացումը կապված է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակների հետ` պանթուրքիզմի գաղափարի իրականացման առումով: Սյունիքի մարզով ճանապարհը նաեւ լուրջ ռազմական նշանակություն ունի Թուրքիայի համար՝ Ադրբեջանի տարածք ռազմական բեռներ եւ անձնակազմ տեղափոխելու տեսանկյունից»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Չնայած այն բանին, որ Հայաստանը գտնվում է պանթուրքիստական ծրագիր իրականացնող երկու պետությունների ճնշման տակ, նա, այնուամենայնիվ, պետք է ամեն կերպ պայքարի այդ ձգտումների դեմ:

«Թեհրանը նույնպես մտահոգված է իրադարձությունների այսպիսի զարգացմամբ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն կերպ խոչընդոտելու են Իրանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային կապի հնարավոր հաստատմանը»,- եզրափակեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանը դիմել էր Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի միջոցով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:

Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ցամաքային կապ ստանալ Հայաստանի Սյունիքի մարզով: